211652_close_icon
views-count992 դիտում article-date 19:01 07-02-2015

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015թ. առաջին նիստը

Փետրվարի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015թ. առաջին նիստը: ՀՀ ՍՆ աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականի աշխատանքային ծրագիրը, որը պետք է դառնա հանձնաժողովի գործունեության ողջ տարվա ուղեցույցը: Այն հաստատվեց հանձնաժողովի անդամների կողմից: ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը զեկուցեց Սիրիայից ժամանած՝ ապաստան հայցողների և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների և առկա խնդիրների մասին: Նա նշեց, որ 2013-2014թթ. Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել 347 անձ, ապաստան ստացել է 288-ը: Կացարանով ապահովվել է 117-ը: Գ.Եգանյանը նշեց, որ ծառայությունը մասնակցել է նաև ՄԱԿ ՓԳԸ-ի միջոցներով սիրիահայերի սոցիալական-առողջապահական աջակցության ծրագրերը: Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց սիրիահայերի գործարարության զարգացման՝ իրենց կառույցի կողմից իրականացված ծրագրերը: 2013-2014թթ. ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից գործարարության զարգացման նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցել է 149 սիրիահայ: Առավել հաջող բիզնես ծրագրեր ներկայացրած մասնակիցներին տրամադրվել են արտոնյալ վարկեր: ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մնացական Բիչախչյանը ներկայացրեց տվյալներ 2014 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն և ՀՀ կացության կարգավիճակ ստացած սիրիահայերի վերաբերյալ, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաճյանը պատկերաշարով ներկայացրեց 2014թ. կատարված աշխատանքները և 2015թ. նախատեսվող ծրագրերը: Նախարարը բարձր գնահատեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի, ինչպես նաև նրա հետ համագործակցության շրջանակում սիրիահայերին աջակցող կառույցների աշխատանքը: Կատարված աշխատանքները և 2015 թվականին նախատեսվող ծրագրերը ներկայացրեց նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը: Նա ընդգծեց, որ սիրիական հակամարտության հենց սկզբից ՓԳՀ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության հետ միասին փորձում է լուծել տեղահանված սիրիահայ ընտանիքների խնդիրները՝ անկախ ՀՀ քաղաքացիություն, ՀՀ կացության կարգավիճակ կամ փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքից: 2014թ. ընթացքում իրականացվել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր: Քրիստոֆ Բիերվիրթը հավելեց, որ աստիճանաբար այդ ջանքերը հրատապ օգնությունից կուղղվեն դեպի կայուն լուծումներ, հիմնականում՝ տեղական ինտեգրում: Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատկապես կարևորեց բնակարանների վարձակալման ծախսերի փոհատուցման, աշխատանքի տեղավորման և տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունավետությունը և դրանց շարունակականությունը: ՀՀ սփյուռքի նախարարը ցավով նշեց, որ սիրիական հակամարտության շարունակության արդյունքում դեռ զոհվում ու վիրավորվում են մեր հայրենակիցները, նրանցից շատերն ունեզրկվում կամ մի կերպ տեղափոխվում են Հայաստան: «Ուստի շատ կարևոր է աջակցության կարիք ունեցող սիրիահայերի հանդեպ մեր մշտական զգոնությունն ու հոգատարությունը», - եզրափակեց իր խոսքը գերատեսչության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր