1369 դիտում
20:10 17-06-2016
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը ցավով նշեց, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում Սիրիայում դարձյալ զոհեր ենք ունեցել, հատկապես, Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծության հետևանքով:
Նիստը սկսելուց առաջ՝ Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքների խնդիրների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն Բաղդասարյանը: Նա նշեց, որ նախորդ զեկուցումից հետո ընկած ժամանակահատվածում, ցավոք սրտի, Սիրիայում որևէ դրական առաջընթաց չի գրանցվել: Միջազգային հանրության միջնորդական ջանքերը դեռևս արդյունք չեն տվել: Զեկուցողը տեղեկացրեց, որ ներկայումս Սիրիայի տարածքի մեկ երրորդից ավելին գտնվում է ընդդիմադիրների և ահաբեկչալան խմբավորումների ձեռքին: ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 18 մլն մարդ է ապրում, 7 մլն էլ տեղահանվել է: Պատերազմի հինգ տարիներին երկրի տնտեսությունը կրել է առնվազն 250 մլրդ դոլարի վնաս:
Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին՝ Սարմեն Բաղդասարյանը հայտնեց, որ 17-20 հազար սիրիահայ դեռևս այնտեղ են, իսկ թիվը տատանվում է ամռան ամիսներին՝ դպրոցների արձակուրդի հետ կապված բնակչության տեղաշարժով:
Պարոն Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Վերջին շրջանում շատ վտանգավոր իրավիճակ ստեղծվեց Հալեպի հայկական թաղամասերում, ինչի հետևանքով յոթ զոհ ունենցանք, վնասվեց հայկական ծերանոցը, Սուրբ Երրորդություն եկեղեցին, գիտակրթական և մշակութային նշանակության շինություններ: Այս պահին զգալի է հայերի արտահոսքը Սիրիայից Լիբանան, Հայաստան: Նվազել է հոսքը դեպի Շվեդիա և Կանադա, ակտիվացել է արտահոսքը դեպի Ավստրալիա»:
Անդրադառնալով Իրաքի հայկական համայնքին, զեկուցողը նշեց, որ իրաքահայերի թիվն, ըստ առաքելական առաջնորդարանի, չի գերազանցում 7500-ը, նրանց մեծ մասը բնակվում են Բաղդադում, և հավելեց. «Այս ծանր վիճակում գտնվող իրաքահայությունը այնուամենայնիվ, երկու օր առաջ դրամահավաք կազմակերպեց: Հավաքված 50 հազար դոլարը կփոխանցվի Արցախի օգնության հաշվեհամարին»:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը ներկայացրեց մայիսի 19-22 տեղի ունեցած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովի արդյունքները: Նա նշեց. «Սա միջնորդող ծրագիր է և մաս է կազմում ավելի մեծ ծրագրի, որը կոչվում է «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում»: Ծրագիրը միավորում է տարբեր շահառուների, որոնք ընդգրկված են սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերում: Մեր թիրախային խմբում այն սիրիահայերն են, որոնք պետք է ներգրավվեն Հայաստանի տնտեսական կյանքում»: Նրա խոսքով՝ դրանց թվում կարող են լինել արդեն բիզնես ունեցող գործարարներ, սկսնակ գործարարներ կամ ձեռնարկություններ, ինչպես նաև աշխատանք փնտրող մարդիկ՝ տարբեր ոլորտներից:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանն անդրադարձավ սիրիահայերի համար կազմակերպված գործարարական դասընթացներին, նրանց ցուցաբերված գործնական աջակցությանը:
2015 թվականին կատարված և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Կարմիր խաչի հայկական ընկերության երիտասարդական բաժնի վարիչ Կատարին Վարդանյանը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերպություններին, արժևորեց սիրիական պատերազմի առաջին օրերից մեր հայրենակիցներին պատսպարելու, նրանց ինտեգրման, սոցիալական խնդիրները կարգավորելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Նա մասնավորապես նշեց. «Մենք պետք է շարունակենք նույն ձևաչափով առավել արդյունավետ աշխատել: Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ և պետք է անենք առավելագույնը՝ նրանց խնդիրները կարգավորելու և հասարակության մեջ լիարժեք ինտեգրելու համար»:
Նմանատիպ նյութեր
1925 դիտում
22:31 25-11-2016
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
978 դիտում
17:45 13-02-2017
Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
2472 դիտում
19:48 05-04-2017
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին