211652_close_icon
views-count1341 դիտում article-date 19:38 10-02-2015

Քննարկվեցին մերօրյա հերոսների փառաբանմանն ու պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված անվանակարգերում ստացված հայտերը

Փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» եւ «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։ Հիշեցնենք, որ 2015թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 72 ՀԿ, որից 14-ը` «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում», 15-ը՝ Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում», 43-ը՝ «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում։ Մրցութային հանձնաժողովի փորձագետ-անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական քաղաքականության բաժնի պետի տեղակալ Հայկ Մարկոսյանը դրական գնահատեց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթում մերօրյա հերոսների փառաբանմանը նվիրված ծրագրերի ընդգրկումը, դա մեծ խթան է ՀԿ-ներին։ Հայկ Մարկոսյանը նկատեց, սակայն, որ մրցույթին դիմած որոշ ՀԿ-ների ծրագրերում պակասում է ստեղծագործ միտքը։ Կարծես թե միանման են մտածում, եւ ծրագրերը շատ դեպքերում կրկնվում են։ Փորձագետը խորհուրդ տվեց ՀԿ-ներին իրենց նախաձեռնություններում ուշադրություն դարձնել մեր սահմանները պաշտպանող զինծառայողների հերոսական կերպարի ներկայացմանը, չմոռանալ այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհել են այսօրվա խաղաղության եւ անկախության համար։ «Մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը, որի կերտմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մեր հայրենակիցները։ Մեծ հայրենականի մասնակիցներից այսօր քչերն են մեր կողքին մնացել, նրանք էլ են մերօրյա հերոսներ, եւ նրանց նույնպես չպետք է մոռանալ։ Պետք է գնալ, նրանց հետ զրուցել, նրանցից օրինակ վերցնել։ Հայաստանում շարունակվում է փողոցային բարքերի դեմ պայքարը, եւ ՀԿ-ներն այս ոլորտում նույնպես անելիքներ ունեն։ Հասարակական սեկտորը պետք է ներգրավված լինի նաեւ տեղեկատվական դաշտում տարվող աշխատանքներում եւ այդ հարթության վրա պաշտպանի ՀՀ դիրքերը»,- նշեց Հայկ Մարկոսյանը։ Առաջիկա օրերին, մրցութային հանձնաժողովը, ամփոփելով քննարկումների արդյունքները, կներկայացնի դրամաշնորհային մրցույթում հաղթած ՀԿ-ների անունները։

Նմանատիպ նյութեր