211652_close_icon
views-count1396 դիտում article-date 20:36 13-02-2015

Համաձայնագրի ստորագրում ՀՀ կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի միջև

Փետրվարի 13-ին Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի («ԻԿՐԱՆԵՏ») միջև Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը: ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրեց Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ «ԻԿՐԱՆԵՏ»-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը: Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը և պրոֆեսոր Ռուֆինին: Իր խոսքում դեսպան Ղազարյանը կարևորեց կենտրոնի հիմնադրումը և գոհունակություն հայտնեց, որ երկար աշխատանքներից հետո այն վերջապես կյանքի կոչվեց, ու հայկական կողմն ակնկալում է արդյունավետ համագործակցություն: Դեսպանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության կողմից գիտության զարգացմանը տրվող առանձնահատուկ նշանակությանը և հույս հայտնեց, որ կենտրոնն իր նպաստը կբերի այդ գործում՝ արդյունավետ համագործակցություն հաստատելով հնարավորինս շատ երկրների նույնանման կենտրոնների հետ, և կդառնա գործիք գիտական դիվանագիտության համար: Միևնույն ժամանակ նշվեց, որ «ԻԿՐԱՆԵՏ»-ն իր հերթին կարող է օգտվել Հայաստանի՝ աստղաֆիզիկայի ոլորտում առկա մեծ ներուժից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հնարավոր ճանապարհները:

Նմանատիպ նյութեր