211652_close_icon
views-count2123 դիտում article-date 16:20 18-02-2015

Արմեն Աշոտյանն ընդունել է ԱՄԷ-ի Շախմատի ֆեդերացիայի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն "Շախմատը դպրոցում" կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և այս հարցում ակնկալում են հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը: Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից, մինչև մասնագետների վերապատարստում: "Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում",- իր խոսքում ընդգծել է Ա. Աշոտյանը՝ նշելով, որ ի սկզբանե հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական և վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձևավորումը: "Կատարված գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են և շախմատի ուսուցումը նպաստում է նաև այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը",- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի "Շախմատ" առարկայի հայկական դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

Նմանատիպ նյութեր