211652_close_icon
views-count1547 դիտում article-date 15:25 19-02-2015

Տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը

Փետրվարի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկների շնորհանդեսը: Ձեռնարկները հրատարակվել են ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով: Ուսուցիչների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման կրթական հաստատություններում ներկայացնելու մեթոդներ և նրբություններ: Լրագրողների համար նախատեսված ձեռնարկը ներառում է Հայոց ցեղասպանության թեման գրագետ լուսաբանելու վերաբերյալ գիտական հոդվածներ, ինչպես նաև թեման հանրությանը մատուցելու ուղենիշներ և նրբություններ: «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Ռեգինա Գալուստյանը նկատեց, որ ժողովածուներին նախորդել են դասընթացներ լրագրողների և ուսուցիչների համար։ Ձեռնարկների մեջ տեղ են գտել դասընթացներին հնչած զեկույցները, ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիաներ, փաստաթղթեր։ Ներկայացված են «Ցեղասպանություն» եզրույթը, փաստագրական նյութեր։ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանմանը, նշեց մի քանի նկատառում։ Մասնավորապես, ըստ պարոն Մանուկյանի, պետք չէ մամուլում անհարկի օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Այն դարձել է հասարակ տերմին, որով նկարագրվում է որևէ մեծ հանցագործություն կամ ողբերգություն։ «Այս երևույթից պետք է խուսափել։ Ցեղասպանությունը մարդկության դեմ ամենամեծ ոճիրն է և ունի իրավաբանական սահմանում։ Ցեղասպանությունը միայն մեծ թվերի պատմություն չէ։ Մենք շատ ենք սիրում ասել 1,5 միլիոն զոհ և սահմանափակվել դրանով։ Այդ 1,5 միլիոնը առանձին-առանձին մարդկային ճակատագրեր ու պատմություններ են։ Երբ նյութը ներկայացնում ենք մեկ մարդու պատմությամբ, ավելի ազդեցիկ ու տպավորիչ է»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը։ Ըստ պարոն Մանուկյանի՝ մեր մեջ կան որոշ կարծրատիպեր, որոնցից պետք է վերանալ։ Պետք չէ Հայոց ցեղասպանությունն ընկալել ընդամենը որպես ողբերգություն։ Այն առաջին հերթին մեծ հանցագործություն է, որն իրավական և իրավաբանական հետևանք պետք է ունենա։ Այն նաև մեծ ժողովրդի հերոսական վերապրում է։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների ծրագրերի «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում իրականացվող ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը կարևորեց այն փաստը, որ «Պրոսպեկտուս» ՀԿ-ի կողմից անցկացված ծրագրի շրջանակներում ընդգրկված էին շատ ճիշտ թիրախ խմբեր՝ ուսուցիչներ, լրագրողներ, մարդիկ, ովքեր աշխատում են հանրության և երեխաների հետ՝ կերտելով ապագա կամ հասարակական կարծիք։ Եվ ծրագրի շրջանակներում շատ հանրամատչելի ձևով այդ թիրախ խմբին փոխանցվել են այն ուղերձները, որոնք հանրությանը ցանկանում էին ուղղել Գիտությունների ազգային ակադեմիան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, պետական կառույցները։

Նմանատիպ նյութեր