211652_close_icon
views-count1444 դիտում article-date 16:43 19-02-2015

Փաստաբանների պալատը համագործակցության հուշագիր կկնքի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հետ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ՙՓորձաքննությունների ազգային բյուրո՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը: Թե՜ փաստաբանների պալատի և թե՜ ՙՓորձաքննությունների ազգային բյուրոյի՚ ներկայացուցիչները հույս են հայտնել՝ համատեղ ջանքերով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան փաստաբաններին և բյուրոյին որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել քաղաքացու պաշտպանությունը դատական ատյաններում, ինչպես նաև նեղ մասնագիտական փորձաքննությունների մասին կիրազեկեն փաստաբաններին: Միաժամանակ ՙՓորձաքննությունների ազգային բյուրոն՚ ՀՀ փաստաբանների պալատին կներկայացնի այն բոլոր փորձաքննությունների տեսակները (ենթատեսակները), որոնցով փաստաբանները կարող են ինքնուրույն դիմել և փորձաքննություն պատվիրել։ Հանդիպմանը ներկա Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ էլ քննարկվել են Փաստաբանական դպրոցում Ազգային Բյուրոյի բարձրակարգ մասնագետների դասախոսություններ կարդալու հնարավորությունը: Կողմերը պայմանավորվել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և կարճ ժամանակում համագործակցության առաջին քայլերը կատարել: Որպես նախնական փուլ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար շրջայց կկազմակերպվի Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որպեսզի ծանոթանան վերջինիս հնարավորություններին: Հանդիպման ավարտին Արտաշես Ջավադյանը շրջայց է կատարել Պալատում՝ եղել է Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

Նմանատիպ նյութեր