1284 դիտում
14:49 27-02-2015
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն. լուսանկարներ
Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:
Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած պատկառելի վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան տիար Շահեն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաների ղեկավար, ՀՀ ՊՆ և ՆԳՆ գլխավոր խորհրդատու պրոֆ. Հովհաննես Սարուխանյանին ու ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանին:
Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազանն ուրախություն հայտնեց, որ վաստակաշատ նվիրյալ հայորդիներն արժանացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքին և օրհնությանը:
Մեծարյալների կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձան Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական երեք սրբատառ կոնդակները:
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց տիար Շահեն Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «…Մեծարգո պրն. Խաչատրյան, անձնապես ճանաչում ենք Ձեզ և քաջածանոթ ենք արվեստի հանդեպ հավատավոր հայորդուդ անսահման սիրուն: Այսօր ուրախ առիթ ունենք բարձրորեն գնահատելու Ձեր վաստակը ի նպաստ հայ գեղանկարչության զարգացման, որին ամբողջանվեր սիրով ի սպաս եք բերել Ձեր ջանքերն ու կարողությունները կյանքի ողջ ընթացքին:
Տակավին երիտասարդ տարիքում հայ գեղանկարչության տաղանդաշատ, մեծանուն երախտավորի` Մարտիրոս Սարյանի հրավերով Դուք պաշտոնավարման կոչվեցիք նկարչի նորաստեղծ թանգարանում և երկար տարիներ Վարպետի բծախնդիր հայացքի ներքո վարեցիք տնօրենի պատասխանատու պաշտոնը: Հայաստանի անկախության տարիներին ղեկավարեցիք նաև Պետական պատկերասրահըª դժվարին այդ օրերին նվիրյալ ջանքեր բերելով ի խնդիր հայ գեղարվեստի մեծագույն կենտրոնի արդյունավոր գործունեության:
Որպես հմուտ արվեստաբան և թանգարանային գործի գիտակ` Դուք հեղինակեցիք մասնագիտական հարուստ գրականություն, կազմակերպեցիք ցուցադրություններ բազմաթիվ երկրներում` հետամուտ լինելով մեր ժողովրդի ստեղծած ու սրբությամբ պահպանած մշակութային ժառանգությունն աշխարհում ճանաչելի դարձնելու ազգանվեր գործին: Տասնյակ տարիներ աննվազ նախանձախնդրությամբ փնտրեցիք և աշխարհի տարբեր երկրներից հայրենի թանգարաններ վերադարձրեցիք հայ մեծանուն վարպետների վրձնած բազմաթիվ բարձրաճաշակ ստեղծագործություններ:
Այսօր առանձնակի գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ Մեր հրավերին ընդառաջ, Դուք սիրով հանձն առաք Ձեր հարուստ գիտելիքներն ու կարողությունները ի սպաս բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների գործունեությանը: Ամենօրյա Ձեր աշխատանքի մեջ Մենք ականատես ենք մեր Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ գեղարվեստի անխոնջ նվիրյալիդ որդիական անկեղծ սիրուն ու նախանձախնդրությանը, որով զարադարում եք Ձեր կյանքի ընթացքը»:
Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը ներկայացրեց տիար Հովհաննես Սարուխանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում նշված է. «Ամենայն Հայոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր ու նվիրյալ զավակիդ:
Հարգարժան պրն. Սարուխանյան, Դուք ավելի քան կես դար` իբրև առողջապահության ու կրթական գործի նվիրյալ մշակ, արդյունավորությամբ ծառայում եք հավատավոր մեր ժողովրդին:
Երիտասարդ տարիքից Դուք բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ստանձնեցիք մեր երկրի բժշկական հաստատություններում` Ձեր գիտելիքներն ու ազնիվ ջանքերը ներդնելով ի նպաստ մեր ժողովրդի բարօրության: Բարձրակարգ բժշկի հարուստ փորձառությամբ Դուք օգնել եք առողջական խնդիրների առջև հայտնված բազմաթիվ հայորդիների` նրանց հոգիներին պարգևելով հույս ու լավատեսություն: Ձեր երկարամյա վաստակը արժանիորեն գնահատված է պետական ու հասարակական բազմաթիվ պարգևներով ու կոչումներով:
Ուրախ ենք անդրադառնալու նաև, որ ղեկավարելով Մ. Հերացու անվան Երևանի Բժշկական համալսարանի Վիրաբուժության ամբիոնը` Դուք աննվազ եռանդով ներդնում եք Ձեր կարողությունները, որպեսզի հաստատությունը կրթի ու պատրաստի գիտակ ու կարող մասնագետներ: Այսօր Ձեր բազմաթիվ սաներ շարունակողն են Ձեր երախտարժան գործի:
Բեղմնավոր է նաև Ձեր գիտական գործունեությունը: Ձեր հարյուրավոր աշխատությունները, գրքերն ու հոդվածները նպաստել են բժշկական գիտության զարգացմանը` ճանաչում բերելով շնորհաշատ հայորդուդ նաև մեր երկրի սահմաններից դուրս»:
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցեց տիար Ռազմիկ Աբրահամյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում ասված է. «Մեծարգո պրն. Աբրահամյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջատեղյակ ենք Ձեր բեղմնավոր գործունեությանը: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք տասնյակ տարիներ գնահատարժան վաստակ եք բերում Հայրենի մեր երկրում առողջապահության ոլորտի, հատկապես ծննդօգնության զարգացման կարևոր գործին: Ձեր անունը քաջածանոթ է մեր ժողովրդին և երախտագիտությամբ է հիշվում շատերի շուրթերին, որոնց ծառայել եք սիրով ու հոգատարությամբ և ի սպաս բերել շնորհաշատ բժշկի Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները, որպեսզի մանկան ծնունդով օրհնվեն հայ օջախները, լցվեն բերկրանքով ու խնդությամբ:
Այսօր Դուք ձեռնահասորեն ղեկավարում եք մեր երկրի առաջատար բժշկական հաստատություններից Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտը, ջանքեր բերելով, որպեսզի Հայաստանում արդյունավետորեն կիրառվեն ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումները:
Գովարժան է նաև Ձեր գիտա-կրթական վաստակը: Դուք երկար տարիներ ղեկավարում եք Մխիթար Հերացու անվան պետական բժկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը` հոգու ողջ նվիրումով Ձեր կարելին ի սպաս դնելով բժիշկների նոր սերնդի պատրաստության գործին: Դուք հեղինակել եք նաև բազմաթիվ գիտական հոդվածներ, դասագրքեր ու ուսումնասիրություններ, որոնք արժանապես գնահատված են բժշկագիտության ասպարեզում»:
Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով զարդարեց մեծարյալների կուրծքը` ի գնահատություն ազգային և հասարակական կյանքում նրանց բերած մեծ ավանդի:
Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև ցերեկույթի երեք մեծարյալները` Հայ Եկեղեցու կողմից իրենց ընծայված բարձր պատվի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին:
Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան «Նոր անուններ» ծրագրի մասնակից պատանի երաժիշտ-կատարողները` ղեկավարությամբ Սիլվա Մեքինյանի:
Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց, որ անձնապես հաղորդ է եղել շնորհընկալների նվիրյալ գործունեությանը, տեսել է, թե պատասխանատվության ինչպիսի բարձր զգացումով են իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնում ժողովրդին: Բարձրորեն գնահատելով Հայ Եկեղեցու շքանշանակիրների վաստակն ու ծառայությունը ազգին և Հայրենիքին` Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ իրենց կյանքը շարունակեն ապրել Աստծու օրհնության մեջ և ժողովրդի սերն անպակաս լինի նրանցից:
Հանդիսությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, մեծարյալների գործընկերները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
21:12 17-02-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շքանշանի հանձնման արարողություն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1320 դիտում
22:46 20-12-2019
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1081 դիտում
19:50 17-11-2023
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»