211652_close_icon
views-count1323 դիտում article-date 22:46 20-12-2019

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Դավիթ Ղազարյանին, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնորեն, պ.գ.դ. Կարեն Մաթևոսյանին, ճարտարապետ Գագիկ Գյուրջյանին և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Էլոյանին՝ ի գնահատություն հայրենի երկրի և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների: Արարողությունը բացվեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի խոսքով: Մեծարյալների գնահատարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆ.գ.թ. Գրիգոր Բրուտյանը, բ.գ.դ., պրո‎‎ֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի պրոկտոլոգիայի բաժամունքի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Հակոբյանը: Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները: Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը մեծարյալներին ուղղված կոնդակներից ընթերցեց հատվածներ: Տիար Դավիթ Ղազարյանին ուղղված կոնդակում մասնավորաբար նշված է. «Այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու երաժշտարվեստի ասպարեզում Ձեր արդյունավոր վաստակին: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ ստանձնելով ու մանկավարժական առաքելություն իրականացնելով Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում, Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք ներդրել ի նպաստ բուհի շնորհակալ գործունեության՝ ծառայելով երաժիշտների նոր սերունդի պատրաստության նվիրական գործին: Դուք հաջողությամբ կազմակերպել եք երաժշտական բազմաթիվ մրցույթներ ու փառատոններ, ղեկավարել երգչախմբեր, կարևոր հանձնառություններով մասնակցություն բերել մեր երկրում իրականացվող մշակութային նշանակալի միջոցառումներին: Ձեր բազմազբաղ գործունեությանը զուգընթաց հեղինակել եք նաև գիտական հոդվածներ, գիտա-մեթոդական ուսումնասիրություններ, կազմել խմբերգային ժողովածուներ, որոնք գնահատանքով են ընդունվել մասնագետների կողմից: Ձեր հարուստ փորձառությունն ու կարողությունները սիրով ծառայեցրել եք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գործունեությանը՝ որպես կառավարման խորհրդի անդամ: Այսօր Ձեր շուրջ կես դարյա մասնագիտական վաստակը գնահատված է գիտական բարձր կոչումներով, բազմաթիվ մրցանակներով ու պարգևներով»: Պրն. Կարեն Մաթևոսյանին ուղղված Հայրապետական կոնդակում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեր գործունեության տարիներից ճանաչում ենք Ձեզ և տեղյակ ենք Ձեր գիտական ու ստեղծագործական երկարամյա գործունեությանը: Ուրախ ենք, որ ղեկավարելով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժինը, Դուք կարևոր նպաստ եք բերում մեր երկրում հայագիտության զարգացմանը: Որպես հայագետ-աղբյուրագետ՝ գիտական գործունեութեան ընթացքին Դուք ուսումնասիրել եք հայագիտության ու հայ արվեստի պատմության բազմաթիվ էջեր, հեղինակել տասնյակ գրքեր ու գիտական արժեքավոր հոդվածներ: Հատկապես գնահատարժան են Անիի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ Ձեր աշխատությունները, որոնք մեր պատմական մայրաքաղաքի հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությունն են ներկայացնում մեր ժողովրդին: Ձեր գիտելիքներն ու տարիների փորձառությունը սիրով փոխանցել եք նաև երիտասարդ սերունդին՝ կրթելով շնորհաշատ մասնագետներ Երևանի պետական Մանկավարժական համալսարանում: Մենք առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Երկար տարիներ Դուք դասախոսեցիք Մայր Աթոռիս Գևորգյան հոգևոր ճեմարանում, ստանձնեցիք «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտոնը և տարբեր հանձնառություններ՝ համենայնի դրսևորելով մեր Եկեղեցու հանդեպ Ձեր որդիական սերն ու նվիրումը»: Տիար Գագիկ Գյուրջյանին շնորհված Հայրապետական կոնդակում ի մասնավորի արձանագրված է. «Մեծարգո պրն. Գյուրջյան, երկար տարիներ պետական բարձր ու պատասխանատու պաշտոններում նվիրյալ ծառայությամբ Դուք ճարտարապետական Ձեր բազմափորձ գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրորեն ի սպաս եք բերում մեր պատմական վանքերի ու եկեղեցիների և մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին: Ձեր նախագծերով ու անմիջական ղեկավարությամբ վերականգնվել են ճարտարապետական բազմաթիվ կոթողներ ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս՝ սերնդե սերունդ ներկայացնելու մեր հայրերի ստեղծած փառավոր ժառանգությունը: Մեզ համար գոհունակություն է, որ գործունեության ողջ ընթացքին Դուք դրսևորել եք Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը՝ հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Մենք մշտապես ականատես ենք եղել մեր մայր Եկեղեցուն զորակցելու և Մայր Աթոռի կողմից իրականացվող շինարարական ծրագրերին աջակցելու Ձեր պատրաստակամությանը՝ ի խնդիր մեր սրբատեղիների նորոգության ու պատշաճ բարեզարդման»: Տիկ. Դոնարա Էլոյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակում գրված է. «Այսօր առիթն ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` հավատավոր հայուհուդ և անվանի բժշկիդ, առողջապահության ասպարեզում Ձեր երկարամյա բազմարդյուն գործունեության համար, որի մասին տեղյակ ենք «Իզմիրլյան» հիվանդանոցի տնօրեն Տիար Արմեն Չարչյանի միջոցով: Գովելի է, որ Դուք տասնյակ տարիներ աննվազ սիրով ու նվիրումով Ձեր կյանքն ու աստվածահաճո գործն ընծայաբերում եք մեր ժողովրդին և Ձեր գիտելիքներն ու կարողություններն ի սպաս դնում, որպեսզի բազմաթիվ հիվանդներ ապաքինվեն ու վերագտնեն իրենց առողջությունը: Այսօր շատերի հոգիներում երախտագիտությունն ու բարի մաղթանաց հայցն է առ Բարձրյալ Տերը` Ձեր և Ձեր ընտանիքի համար: Մենք ուրախ ենք մեծապես, որ Ձեր անսպառ եռանդով ու նախանձախնդրությամբ Դուք բարի օրինակ եք «Իզմիրլյան» հիվանդանոցի երիտասարդ բժիշկների ու բուժաշխատողների համար՝ արժանանալով նրանց անկեղծ սիրուն ու հարգանքին»: Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին հանձնեց Հայ Եկեղեցու շքանշաններն ու կոնդակները: Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հանդիսությունն եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ ու բարեմաղթանաց շնորհավորական խոսքով: Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան «Նաիրյան» համույթը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր