62932 դիտում
11:04 07-03-2015
Առեղծվածային դեպք՝ Գյումրիում. փրկարարները Nissan-ի միջից դուրս են բերել սպանության փորձի համար դատապարտված 31-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, ավտոմեքենա կա, որի հետնամասում մահացած տղա կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Շիրակի մարզի Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Մարտին Մկոյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում է ոստիկանութան Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետը, իսկ քննչական աշխատանքները տեղում ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Միքայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները ձորում հայտնաբերել են Nissan Teana մակնիշի 15 QV 015 համարանիշի ավտոմեքենան, և քիչ առաջ փրկարարներն ավտոմեքենայի հետնամասից դուրս բերեցին երիտասարդի դին: Մահացածը վարորդն է, թե ուղևորը, այս պահին իրավապահները չգիտեն և այդ ուղղությամբ կատարվում են օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել է ձորակում: Առաջին պահից իրավապահների կողքին են նաև գյուղացիները՝ գյուղապետ Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, ով պատրաստակամություն հայտնեց օգնելու ոստիկաններին, որպեսզի ավտոմեքենան տեղափոխեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Քրիստ Վարդանյանն էր, ով նախկինում սպանության փորձ կատարելու համար դատապարտված էր եղել:
Քննիչի հանձնարարականով տեղում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի մահվան հանգամանքը:
***
11:50
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, տեղում զննելով դիակը, հայտնեց, որ նախնական տվյալներով, երիտասարդի մարմնի վրա կա հրազենից արձակած կրակոցի հետք:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+