211652_close_icon
views-count1052 դիտում article-date 13:32 13-03-2015

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը: «Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ: Ինքս ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել եմ հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում: Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ: Իհարկե, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին՝ նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են: Այդուհանդերձ, պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում իմ արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել: Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել: Այս ամենով հանդերձ, ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ: Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ: Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ: Այսքանը: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ: Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր