211652_close_icon
views-count1606 դիտում article-date 19:23 16-03-2015

Կայացել է «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողովը. ֆոտոշարք, տեսանյութ

Մարտի 14-ին, ժամը 13։00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» խորագրով համաժողովը, որի նպատակն էր ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման գործընթացներում ներգրավել երիտասարդներին և ստեղծել համապատասխան մեխանիզմ, որի միջոցով ջավախահայ երիտասարդներին հնարավորություն կտրվի իրենց մասնագիտական հմտությունները ներդնել, կիրառել հայրենի Ջավախքի հզորացման գործում։ Համաժողովին ներկա էին ՋԱՀ-ի հիմնադիրները, հոգաբարձուների խորհրդի անդամները, տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ անհատներ, հյուրեր արտերկրից, մշակութային և քաղաքական գործիչներ, ուսանողներ, ինչպես նաև ջավախահայության հիմնախնդիրներով հետաքրքրված այլ անձինք։ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանդես եկավ բացման խոսքով, որից հետո իր օրհնանքի խոսքն ասաց Վիրահայոց թեմի Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հայր Բաբկեն վարդապետ Սալբիյանը, այնուհետ ելունթներով հանդես եկան ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, ՌՀՄ-ի Սոչիի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Թումաս Վարդանյանը, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՋԱՀ-ի համահիմնադիր Կարինե Խոդիկյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր – ղեկավար, ՋԱՀ-ի համահիմնադիր Գագիկ Գինոսյանը, ովքեր իրենց ելույթներում կարևորեցին ջավախահայ երիտասարդության դերն ու նշանակությունը ջավախահայության խնդիրների վերհանման և լուծման գործում։Համաժողովին ելույթով հանդես եկան տարբեր ոլորտներում կայացած ջավախաբնակ և հայաստանաբնակ երիտասարդներ, հայկական և միջազգային կառույցների նախագահներ և ներկայացուցիչներ, որոնց ներկաներն ուղղեցին իրենց հուզող մի շարք հարցեր։ Ելույթներում հատկապես մատնանշվեց երիտասարդների և Ջավախքի միջև հոգևոր և ֆիզիկական կապի վերստեղծման, հայապահպանության և ինքնության պահպանման գաղափարը, ընդգծվեց հայրենի հողում ապրելու և արարելու կարևորությունը։ Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց նաև Վահան Տերյանի ավագ եղբայր, ուսուցիչ, անվանի մտավորական և հասարակական-մշակութային գործիչ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան) կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող գիրքը (հեղինակ՝ Վահե Սարգսյան)։ Համաժողովի ընթացքում կազմվեց և մասնակիցներին ներկայացվեց Համաժողովի ամփոփագիրը, որը ներկայացվում է նաև ստորև. «Երիտասարդությունը և ջավախահայության հիմնախնդիրները» համաժողովը, լսելով հնչեցված ելույթները և արտահայտված մտահոգությունները, արձանագրում է, որ ջավախահայության շրջանում այսօր առկա են սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային, երիտասարդական, իրավական, տեղեկատվական բնույթի հիմնախնդիրներ, որոնց լուծման գործում ավագ և համապատասխան փորձառություն ունեցող գործընկերների հետ համատեղ ակտիվ դերակատարում կարող են ունենալ նաև տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալող երիտասարդներն ու բուհերում մասնագիտացող ուսանողները: Ելնելով վերոնշյալ հանգամանքից, ինչպես նաև ամփոփելով հնչեցված կարծիքները և առաջարկները` որպես հիմնախնդիրների վերհանման և լուծման մեխանիզմ, առանձնացվում են հետևյալ ոլորտային հանձնաժողովները. Առողջապահական Գիտակրթական Սպորտի և երիտասարդության Մշակութային Իրավական Տնտեսական Սոցիալական Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ճարտարագիտության Տեղեկատվության Համաժողովը գտնում է, որ յուրաքանչյուր հանձնաժողովում կընդգրկվեն համապատասխան մասնագիտական կարողություններ և փորձառություն ունեցող անձինք, ովքեր պարբերական հանդիպումների, դեպի Ջավախք կազմակերպվող այցերի և տեղում կազմակերպվող ուսումնասիրությունների արդյունքում հանդես կգան համապատասխան ոլորտային հիմնախնդիրների լուծման առաջարկներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր