211652_close_icon
views-count1146 դիտում article-date 19:12 24-03-2015

Տարոն Մարգարյանը պարգևատրել է դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են Երեւան քաղաքի դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Մրցույթում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երեւանի 55 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են 119 ավագ եւ 51 հիմնական դպրոցների թիմերը: Օլիմպիադայի հաղթող թիմերին մեդալներն ու հաղթական գավաթները հանձնել է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեւանի քաղաքապետի պատվոգրերով պարգեւատրվել են նաեւ դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի համայնքային փուլի հաղթող դպրոցները: Օլիմպիադայի երեւանյան մասնակիցներին պարգեւներ են հանձնել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: Ներկաներին ուղղված խոսքում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն առանձնակի կարեւորել է շախմատի մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրային քաղաքականությունը: «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կյանքի կոչված շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրն իսկապես կարեւոր է ու հաջողված, եւ այսօր մենք հպարտությամբ փաստում ենք, որ Երեւանի 12 վարչական շրջաններից 9-ում անվճար հիմունքներով գործում են շախմատի դպրոցներ, ինչի արդյունքում է նաեւ տարեց տարի ավելանում շախմատի տարբեր մրցաշարերին երեւանյան մասնակիցների թիվը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը: Շախմատի 9-րդ օլիմպիադայի համայնքային փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 216 կրթական հաստատություն, որոնցից քաղաքային փուլին մասնակցելու իրավունք էին ստացել 16-ը: Երեւանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն այս տարի եւս անցկացվել են քաղաքապետարանի ճեմասրահում:

Նմանատիպ նյութեր