211652_close_icon
views-count840 դիտում article-date 18:04 31-03-2015

Քննարկում՝ «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում

Մարտի 31-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկումը, որին ներկա են եղել ՀՀն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ եւ պատգամավորներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ պրակտիկ գնահատականները ստեղծում են տնտեսական գնահատման նոր հիմքեր, եւ Հայաստանը, անդամակցելով այդ կառույցին, կդառնա առավել մրցունակ եւ գրավիչ տարածաշրջանում:ԵԱՏՄ-ին Հայաստանի ադամակցումը կբացի նոր հորիզոններ՝ հանդիսանալով տնտեսական աճի որոշակի խթան: Գալուստ Սահակյանը նշել է, որ պետք է նպաստել ինտեգրացիոն գործընթացի արագացմանը եւ կատարելագործել գործիքակազմը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ հասարակության դերը ինտեգրացիոն գործընթացում: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը շուտով կզգացվի տարբեր ոլորտներում: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաեւ մշակութային, տնտեսական դարավոր կապերով: Ըստ Սերգեյ Նարիշկինի՝ այս անդամակցությամբ մասնակից երկրների հնարավորությունները կմեծանան աշխատուժի շուկայում, ապրանքաշրջանառության ոլորտում: Նա նշել է, որ անելիքները շատ են, հատկապես անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցման հարցում, սակայն ակնկալիքները մեծ են, եւ ապագան խոստումնալից է: Սերգեյ Նարիշկինը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն իր ներդրումը կունենա ԵԱՏՄ կայացման եւ զարգացման գործում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: ՀՀ վարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Նա ընդգծել է, որ մեր գերխնդիրն է արդարացնել ԵԱՏՄ անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ նկատելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է Հայաստանի անդամակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ ծովի եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ մարտահրավեր է, եւ աշխարհագրական դիրքն իր որոշիչ դերն է խաղում մեր երկրի տնտեսական կյանքում :

Նմանատիպ նյութեր