211652_close_icon
views-count1284 դիտում article-date 17:04 01-04-2015

Ջերմոցատերերին ներկայացվեցին պտուղբանջարեղենի արտահանման նոր ընթացակարգերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք: Փոխնախարար Սամվել Գալստյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, և այս առումով գործող պայմանները խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար: Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն իր հերթին փաստեց, որ գյուղմթերքի տեղական արտադրության զարգացման համար պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանգամանորեն ներկայացրին պտուղբանջարեղենի արտահանման ընթացակարգերի փոփոխությունները: Մասնավորապես ընդգծվեց, որ ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում և դրա համար նրանք որևէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, և ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է: Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում: Պատասխանատուները հավելեցին, որ տեսուչների հեռախոսահամարները հրապարակված են www.snund.am կայքում, ինչպես նաև հորդորեցին ցանկանացած հարցի դեպքում զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` վստահեցնելով, որ դրանց սեղմ ժամկետներում պատասխաններ կտրվեն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեղական արտադրանքի խթանմանը, որակին, մրցունակությանը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր