211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:37 17-04-2015

Երիտասարդ հայ մասնագետները՝ թուրք, ռուս, եվրոպացի և ամերիկացի դիվանագետների դերում

«Հայոց ցեղասպանության հիմնահարցը` համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերա¬կատար¬ների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» ծրագրի շրջանակներում Սլավոնական համալսարանի, ԳԱԱ գիտակրթական կենտրոնի և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի 50 մագիստրոսները ապրիլ-մայիս ամիսներին հնարավորություն ունեն դերային խաղ-քննարկումների միջոցով զարգացնել իրենց դիվանագիտական հմտությունները: Երիտասարդ քաղաքագետները, միջազգայնագետները, ցեղասպանագետները, թուրքագետները դերային բաժանումով ներկայացնում են, օրինակ՝ թուրք, ռուս, ամերիկացի կամ եվրոպացի դիվանագետների և այդ քննարկումների ընթացքում փորձում Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար որոշ ուղիներ նախանշել: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Կազմակերպության ղեկավար Արմեն Մարուքյանը հիշեցրեց, որ անցյալ տարի ևս ՀՀ նախագահի դրամաշնորհով ծրագիր են իրականացրել, որի արդյունքում միջազգային դատարան դիմելու թղթածրար պատրաստվեց: Այնուհետև նշեց. «Որքան էլ իրավական ուղղությամբ փորձենք քայլեր կատարել, մեծ հաշվով միջազգային իրավունքը մեծ քաղաքականության սպասավորն է, և աշխարհաքաղաքական գործընթացները մեծապես ազդում են այդ իրավունքի արդարության հաստատման գործի վրա: Այդ պատճառով երկրորդ ծրագիրը վերաբերում է աշխարհի կարևոր խաղացողների՝ ՌԴ-ի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում խնդրի արծարծման հնարավորությանը»: Պարոն Մարուքյանի համոզմամբ՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դիվանագիտական մարտավարությունը պետք է կառուցել նաև Թուրքիայի և խոշոր տերությունների հակասությունների վրա ու անցում կատարել իսկապես նախաձեռնողական, ոչ թե դիտորդական դիվանագիտությանը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ հնարավորություն է ստեղծվում առաջին անգամ մեկ սեղանի շուրջ դիվանագիտական քննարկման մեջ ընդգրկել ոչ միայն միջազգայնագետների ու պատմաբանների, այլև ցեղասպանագետների: Նա նշեց. «Կրթական ծրագրերում լիովին իդեալական վիճակ չես կարող ապահովել, իսկ նման մթնոլորտում քննարկումների ժամանակ կարող են այլ հմտություններ փոխանցվել, որոնք չես կարող փոխանցել ասենք դասախոսությունների ընթացքում»: Անդրադառնալով այն հարցերին, որոնցում հիմնականում թերանում են երիտասարդ մասնագետները, պարոն Հովհաննիսյանը նշեց. «Փորձի պակաս կա, ինչը տրամաբանական բացատրություն ունի: Գործնական աշխատանքի ժամանակ խնդրին մասնագիտորեն մոտենալու պարագայում երբեմն մոռանում ենք իրավիճակային խնդիրները, որ ինչ-ինչ հարցեր կարող են ի հայտ գալ հենց քննարկումների ժամանակ»: Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին կհրատարակվի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների հետ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում» հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով մենագրություն, որում Հայոց ցեղասպանության հիմնահարցը կդիտարկվի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում: Այն կարող է օգտագործվել նաև որպես երիտասարդ միջազգայնագետների, ցեղասպանագետների ու պատմաբանների սեղանի գիրք: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր