1271 դիտում
18:26 17-04-2015
Բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի "Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան" հիմնադրամի Մ.Աբեղյանի անվան ավագ դպրոց, որտեղ վարել է բաց դաս` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին:
Նախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կրթական համակարգն անմասն չի մնացել. պետական հանձնաժողովի հավանությանն արժանացած միջոցառումները հավասարաչափ բաշխվել են հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում: Հանրակրթության համակարգում արդեն երեք համապետական նախաձեռնությունն է իրականացվել. բաց դասեր` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշակերտների կողմից 1.5 միլիոն անմոռուկների պատրաստում, որոնք հանձնվել են պետական հանձնաժողովին` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բաժանելու համար: "Այսօր հերթական նախաձեռնությունն է. ավագ դպրոցներում և միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած Համահայկական հռչակագրի շուրջ քննարկումներ: Հռչակագիրն աննախադեպ, համահայկական պատմական մի իրադարձություն է, որի մասին պարտավոր ենք տեղյակ պահել երեխաներին` կրթական և դաստիարակչական իմաստով:
Հռչակագիրն իրականում յուրահատուկ պատմական փաստաթուղթ է մի քանի պատճառներով. նախևառաջ այն հանդիսանում է հիրավի համահայկական, քանի որ մեր երկրի նորագույն պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ի վիճակի ենք եղել ստեղծել համազգային բնույթի, իղձերի, պահանջատիրության և նպատակների միաձուլման միջոցով միասնական փաստաթուղթ: Այս առումով կարող ենք զուգահեռ անցկացնել բացառապես Անկախության հռչակագրի հետ, որն իր պատմական բնույթով կարևորագույն փաստաթուղթ է, բայց ոչ համահայական: Համահայկական հռչակագիրը ստեղծվել է համայն հայության հիմնական կառույցների ներգրավմամբ` պետական և հանրային, կուսակցական և կրթական, հասարակական և անհատական նախաձեռնությունների շնորհիվ: Որպես պետական հանձնաժողովի անդամ` պատիվ եմ ունեցել ներգրավված լինել այդ փաստաթղթի ստեղծման աշխատանքներում և ականատես եմ եղել` ինչպես է այն ստեղծվել համայն հայության ջանքերով: Հռչակագիրն արդեն այսօր ունի և ապագայում ևս կունենա ահռելի համազգային նշանակություն: Իրավական տեսակետից հռչակագրում առաջին անգամ հստակ թվարկված են միջազգային իրավունքի այն բոլոր իրավական հիմքերը, որոնք ոչ միայն ուժեղացնում են մեր պահանջատիրությունը, այլ հստակ ձևակերպում են մեր ակնակալիքները և անելիքները: Այսօր արդեն հռչակագիրն օգտագործվում է որպես հիմք` տարբեր միջազգային կառույցներում բանաձևերի, հռչակագրերի և ելույթների ժամանակ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցն իր միջազգային և ազգային միջոցառումներով լինելու է մի հանգրվան, որից նահանջել չենք կարող ոչ միայն մենք, այլ ողջ քաղաքակիրթ աշխարհը, որն այսօր հիշում և պահանջում է մեզ հետ միասին",-նշել է Արմեն Աշոտյանը:
Բաց դասի մասնակից աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության և այլ խնդիրների:
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
21:59 06-02-2015
Բաց դաս Աշտարակում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
1724 դիտում
20:26 29-01-2015
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
2221 դիտում
13:57 30-01-2015
Հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին