211652_close_icon
views-count1467 դիտում article-date 21:31 24-04-2015

«Եթե պետական մարմինները ցանկանում են ունենալ իրական արդարադատություն, ապա պետք է նպաստեն փաստաբանության զարգացմանը». փաստաբան Արթուր Հովհաննիսյան

Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրված ավելի քան երեք տասնյակ փաստաբաններ այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանություների կանխարգելման և դրանց իրավական գնահատականներ տալուց հետո քննարկել են ուղղակիորեն փաստանաբությանն առնչվող խնդիրները: Թեմայի մասին զեկուցող Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը կարևորել է փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում և նշել, որ եթե պետական մարմինները ցանկանումեն ունենալ իրական արդարադատություն, ապա ամեն կերպ պետք է նպաստեն փաստաբանության զարգացմանը: Այնուամենայնիվ, այսօր փաստաբանները իրենց գործունեության մեջ հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների: Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ փաստաբանների համար տեղեկություններ ստանալու հետ կապված դժվարություններ են առաջանում հարկային մարմիններում, քաղաքացիական ակտերի կացության մարմնում: Փաստաբանի գործունեության մեկ այլ խնդիր է առանձնացրել, այն է՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, որոնք անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս, պարտավոր են պետական տվյալներ ստանալիս պետական տուրք վճարել: Ըստ Հովհաննիսյանի՝ փաստաբանի գործունեության հետ կապված մարտահրավեր է նաև փաստաբանների պաշտպանվածության խնդիրը: Եվ չնայած նրան, որ ՀՀ փաստաբանության մասին օրենքը նախատեսում է պետության պոզիտիվ պարտականությունը, սակայն պրակտիկայում, երբ փաստաբանը հարց է բարձրացնում, որ խնդիր ունի անվտանգության հետ, իրավապահ մարմինները մատնանշում են Կառավարության որոշում, որը գնացուցակ է սահմանում փաստաբանին պաշտպանելու համար, ըստ որում՝ պաշտպանության համար նախատեսված գումարը երբեմն ավելին է, քան փաստաբանի աշխատավարձը: Խնդիրներից առանձնացվել է նաև քրեակատարողական հիմնարկներում փաստաբանի և վստահորդի տեսակցության սենյակների անմխիթար վիճակը:ՙՀաճախ փաստաբանն իր առողջության հաշվին է հանդիպում իր վստահորդի հետ, քանի որ տեսակցության սենյակները ցուրտ են, խոնավ, ըստ որում՝ նա ստիպված է լինում ժամեր շարունակ սպասել, որ վստահորդին խցից բերեն՚,- ներկայացրել է փաստաբանը: Արթուր Հովհաննսիյանը հայտնել է նաև, որ ՙՓատաբանների պալատն Արդարադատության նախարարության հետ փոխընբռնման հուշագիր ստորագրելու ծրագիր ունի և որ այն նշված խնդիրների լուծման հարցում էական նշանակություն կունենա: ՓՊ նախագահի առաջին տեղակալը որպես ամենամեծ մարտահրավեր նշել է դատական համակարգում առկա փողերի լվացման խնդիրը: «Ըստ որում՝ մենք գտնում ենք, որ կոռուպցիան նաև որոշ փաստաբանների մեջ է արմատավորված, այսինքն՝ այսպես կոչված միջնորդ փաստաբաններ կան: Պալատը բազմիցս հայտարարել է և կշարունակի հայտարարել, որ սրա դեմ ակտիվ պայքար է սկսված»,-խոսքը ավարտել է Հովհաննիսյանը: Ելույթ են ունեցել արտերկրի գործընկեր փաստաբանները, միջազգային կառույցների ներկայացուցիչները: Քննարկում է ընթացել փողերի լվացման և փաստաբանական գաղտնիքի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Քննարկումից հետո Փաստաբանական համայնքների պատվիրակությունները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր