1997 դիտում
10:15 25-04-2015
Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը, նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ. ՀԱ
Ստորև ներկայացնում ենք մի հատված միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Կարո Քամարյանի (ԱՄՆ) հետ «Հայոց Աշխարհ» օրաթերթի հարցազրույցից.
« -Եվրոպական տերությունները Թուրքիայից հիմնականում ակնկալում են Հայոց ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդից ներողության հայցում: Բայց արդյոք դա կարո՞ղ է բավարարել հայրենազրկված հայությանը:
-Ամենևին ոչ: Մեր ուղին շատ հստակ է: Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը, նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ:
Հետևաբար մեզ չի կարող գոհացնել այն, որ Թուրքիան մեկ օր ասի` Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել են դեպքեր, կատարողները մեր նախնիներն են, ցեղասպանություն էլ են գործել, բայց հիմա մենք ձեզ ասում ենք` ներեք և ակնկալում ներում: Այն, որ Թուրքիան դա է ուզում անել` նշաններն արդեն նկատվում են: Եթե այս իրավիճակում մենք հանկարծ իրենց ընդառաջ գնացող նման միտք հայտնենք, ապա շատ բան կկորցնենք:
-Ուրեմն Ցեղասպանության դիմաց փոխհատուցում ասելով՝ ի՞նչ պետք է հասկանանք, ո՞րն է մեր պահանջը Թուրքիայից:
-Կան միջազգային ուժեր, որոնք կարող են մեզ այնպիսի անկյուն մղել, որ մենք ոչ թե պահանջենք ու ստանանք այն, ինչ ուզում ենք, այլ այն, ինչ իրենք մեզ կթելադրեն` պայմանավորված սեփական շահերով: Միամիտ չենք և լավ ենք հասկանում, որ և՛ ՆԱՏՕ-ի երկրները, և՛ Ռուսաստանը, նաև մեր հարևան Վրաստանն ու Իրանը, ամեն մեկն էլ ունի իր շահը: Ուրեմն մեր խնդիրն է մեծ տերությունների շահերի, հետաքրքրությունների շրջանակ մղել Հայկական հարցի լուծումը:
Տեսեք. գերտերությունների համար մտահոգիչ չէ, որ Հայաստանը բավարարվի ընդամենը ֆինանսական հատուցմամբ. մի «չեկ» կգրեն, ասենք` 100 մլրդ դոլարի, կվճարեն ու դրանով հարցը կփակեն: Սակայն նրանք կանգնում են երկընտրանքի առաջ այն ժամանակ, երբ հայության կողմից հնչում է հողատարածքների վերադարձման պահանջը: Իսկ դա լոկ հողատարածք չէ մեզ համար, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, որտեղից մեզ տեղահանել են, արմատախիլ արել:
Եվ այս ամենի դիմաց Թուրքիայից մեր պահանջը մեկն է` վերադարձնել մեր հայրենիքը: Սա նշանակում է սահմանների փոփոխություն, և ահա մեծ տերությունները սկսում են հաշվարկել` Հայաստանի սահմանների ընդլայնմամբ իրենք որքանո՞վ կշահեն կամ կտուժեն:
Մենք լավ գիտենք, որ Արևմտյան Հայաստանի հողատարածքներով են անցնում գազի խողովակներ: Մեծ Բրիտանիան միլիարդավոր գումարներ է ծախսել դրանց կառուցման ու գազը Եվրոպա հասցնելու համար: Ուրեմն կարող են հարց տալ` ինչպե՞ս կլուծվի գազային հարցը, եթե սահմանները փոխվեն: Սա իրենց համար մեծ մտահոգություն է:
Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի տարածքում են գտնվում ԱՄՆ ռազմակայանները, այստեղ էլ ԱՄՆ-ը կուզենա հասկանալ` ի՞նչ կլինի դրանց ճակատագիրը: Այլ միջազգային տնտեսական հարցեր ևս կան, օրինակ, Եփրատի ջրի օգտագործման հարցը:
Հիմա այս գլոբալ քաղաքականության մեջ մեր խնդիրը պետք է լինի առաջ տանել մեր շահը, այսինքն` համոզել ԱՄՆ-ին, եվրոպական տերություններին, որ Հայաստանի սահմանների ընդլայնմամբ նրանց ունեցածը փոփոխման չի ենթարկվի, համոզել, որ Հայաստանի սահմանների մեծացումը իրենց համար ավելի օգտակար կլինի, քան մեծ Քրդստանի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նաև Թուրքիային պետք է հասկացնել, որ իր համար ավելի նպաստավոր կլինի իր հարևանությամբ ունենալ Հայաստան, քան Քրդստան» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը