211652_close_icon
views-count834 դիտում article-date 13:30 30-04-2015

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է 2015-2020թթ. համագործակցության ծրագիր

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանագապետի` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2015-2020թթ. համագործակցության ծրագիրը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրված համագործակցության ծրագրով կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Համագործակցության ծրագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ առևտրատնտեսական, ճարտարապետության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի և տուրիզմի, հումանիտար, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն կարճ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ: «Արդեն 305 տարի է, ինչ Սանկտ Պետերբուրգում հայեր են ապրում, և պետք է խոստովանեմ, որ մինչ օրս նրանք իրենց կարևոր դերակատարումն ունեն քաղաքի զարգացման գործում, և մենք մեծ հարգանք ենք տածում նրանց հանդեպ: Հայաստանն ու հայ ժողովուրդն աշխարհին մեծություններ են տվել, այդ թվում նաև գիտնականներ ու արվեստի գործիչներ, ովքեր այսօր էլ իրենց սրտացավ աշխատանքով ու վերաբերմունքով շարունակում են ներկայացնել և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը: Մենք եղբայրներ ենք,որոնց կապում են բազմադարյան պատմությունն ու ջերմ բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ նաև, որ համագործակցության այս ծրագիրը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը, քանի որ հստակ նշված են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում ծավալվելու է մեր հնգամյա գործակցությունը»,- նշել է նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ ստորագրված համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս կողմերն առաջիկա տարիներին կունենան շոշափելի արդյունքներ: «Մեր երկու քաղաքների փոխգործակցությունը, որը մինչ այս զարգանում էր 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, իսկապես արդյունավետ էր ու հաջողված: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ, և ես վստահ եմ, որ համագործակցության հնգամյա այս ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլայնել փոխգործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար: Համոզված եմ նաև, որ այսօր մեր կողմից ստորագրված 2015-2020թթ. համագործակցության ծրագրի բոլոր ուղղություններով ևս մենք կունենանք շոշափելի հաջողություններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր