Մխիթարյանը ճանաչվել է կիսաեզրափակիչ փուլի լավագույն խաղացող
Dfbpokal-walkoffame.de կայքը քվեարկություն է անցկացրել, որի արդյունքում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի լավագույն խաղացող:
Մխիթարյանը ստացել է 4319 ձայն կամ ընդհանուր ձայների 50 տոկոսը: Նշենք, որ «Բավարիայի» հետ կիսաեզրափակիչում Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ, երբ թիմը պարտվում էր 0:1 հաշվով եւ իր ակտիվ գործողություններով կարողացավ փոխել խաղի ընթացքը, դառնալով նաեւ գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումից հետո, որն ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով (1:1, 2:0՝ 11մ. հարվածաշարով), Մխիթարյանի խաղի մասին առանձնահատուկ նշեց նաեւ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Քվեարկության արդյունքում երկրորդը «Բորուսիայի» դարպասապահ Միտչել Լանգերակն էր (38 %), երրորդը՝ «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Մաքսիմիլյան Արնոլդը՝ 8%:
Նշենք, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում կհանդիպեն «Բորուսիան» եւ «Վոլֆսբուրգը»: Հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Բեռլինի «Օլիմպիական« մարզադաշտում: