211652_close_icon
views-count1158 դիտում article-date 16:15 06-05-2015

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն ընդունել է հայտարարություն

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ընդունել է հայտարարություն: «ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, դատապարտելով 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց եղեռնը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ապաշ­խարումից ու իրենց երկրում կատարված ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարումը, հայտարարում է. 1. Լեզվի ինստիտուտը իր զորակցությունն է հայտնում հայրենի պետության, հայ եկեղեցու և աշխարհասփյուռ հայության՝ ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների հաղթա­հար­մանն ուղղված ջանքերին և խորին երախտագիտություն է հայտնում աշխարհի այն պետություններին ու ժողովուրդներին, միջազգային ու կրոնական կառույցներին, արդարամիտ մարդկանց, որոնք զորավիգ են եղել հայ ժողովրդին և իրենց ձայնն են հնչեցրել պատմական փաստերի նենգափոխման, ստի ու կեղծիքի դեմ. 2. Եղեռնի հետևանքով մեծագույն կորուստներ է կրել նաև հայոց լեզուն: Իր բնօրրանում միասնական գոյության, գործառության և զարգացման բնական իրավունքից ու պայմաններից զրկվել է գրական արևմտահայերենը, որն այսօր երկրորդական լեզվի կարգավիճակով հազիվ է կարողանում գոյատևել աշխարհի տարբեր երկրներում: Կորստի են մատնվել մոտ երեք տասնյակ հայերեն բարբառներ, որոնք ամբարում էին հայի աշխարհընկալման, լեզվամտածողության, հայերեն բառապաշարի և հնչյունա­քերականական իրողությունների անկրկնելի տարրեր: 3. Լեզվի ինստիտուտը, իր առաքելությունը համարելով հայոց լեզվի պահ­պանմանը նպաստելն ու մայրենիի համակողմանի ուսումնասիրությունը, այսուհետ ևս զբաղվելու է արևմտահայերենի հետազոտության, կանոնարկման հարցերով, ձգտելու է նպաստել Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերենի տարածմանն ու գոր­ծառության ոլորտների ընդլայնմանը: Լեզվի ինստիտուտը շարունակելու է նաև կորստի մատնված հայ բարբառների ուսումնասիրությունը, դրանց պատառիկների որոնումն ու արձանագրումը: ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը կոչ է անում ողջ հայությանը, յուրաքանչյուր հայ մարդու՝ սովորել, կիրառել և սերունդներին փոխանցել մայրենի լեզուն՝ գիտակցելով, որ մտավոր ունակությունները լավագույնս զարգանում ու դրսևորվում են մայրենի լեզվով, և ազգային ինքնությունը նախ և առաջ պայմանավորվում է մայրենի լեզվով»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարությը ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության, ԱՄՆ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության, «Ձայն համշենական» թերթի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր