211652_close_icon
views-count3016 դիտում article-date 14:29 12-05-2015

ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը՝ Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի բուժքույրեր Սրտանց շնորհավորում և իմ երախտիքի խոսքն եմ հղում ձեզ` միջազգային օրվա կապակցությամբ: Առողջապահության ոլորտը ցանկացած հասարակության մեջ առանձնահատուկ կարևորություն ունի և վերջին տարիներին լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում իրականացվել են մի շարք ծրագրեր ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Զգալի աշխատանքներ են կատարվել առողջապահական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և հիմնանորոգման ուղղությամբ, զուգահեռ իրականացվել են նաև տեխնիկական վերազինման և սպասարկման միջոցների կատարելագործում: Իրականացվել են նաև բժշկագիտության նոր մեթոդների արմատավորման, բժշկական կադրերի վերապատրաստման և շարունակական կրթության իրականացման ուղղությամբ աշխատանքներ: Առողջապահության համակարգում իր անգնահատելի դերն ու տեղն ունի բուժքրոջ առաքելությունը և հանդիսանալով բժշկի ապավենը, նրա աջ թևը, հաճախ նրա գրագետ ու բարեխիղճ գործելակերպից է կախված հիվանդի ճակատագիրը: Բարձր եմ գնահատում նաև գյուղական և համայնքային բուժքույրերի աշխատանքը, որոնք լինելով առաջնային օղակի պատասխանատուներ` օրվա ցանկացած ժամին հասնում են հիվանդին և ժամանակին ցուցաբերում առաջին բժշկական օգնություն: Բուժքրոջ առաքելությունն եզակի է, պահանջված հասարակության կողմից և արժանի ամենամեծ ճանաչման ու գնահատման, քանի որ բացի բժշկական ծառայություններ մատուցելուց, ցուցաբերվում է նաև բարոյական և հոգեկան աջակցություն: Կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ամուր առողջություն, անսասան կամք և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր