211652_close_icon
views-count74198 դիտում article-date 20:08 14-05-2015

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. Mercedes-ը մեջտեղից կիսվել է. պատճառը մարդաբոյ փոսն է. հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորներից մեկի ոտքը կտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում: Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ բախվել ճանապարհին տեղադրված Քասախ ցուցանակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, իսկ օպերատիվորեն միայն ժամանել են Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության աշխատակիցները: ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, իսկ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները արդեն 1 ժամ է՝ ուշանում են, ինչի պատճառով էլ նշված ճանապարհահատվածում խցանում տեղի չունենալու համար քաղաքացիներն ու փրկարարներն են ճանապարհը բացում: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննիչները պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը: Վթարի պատճառը եղել է ճանապարհին մի քանի տարի գոյություն ունեցող մարդաբոյ փոսը ու եթե պատկան մարմինները ժամանակին այդ փոսը լցնեին, այլ ոչ թե իրենց կաբինետներում փափուկ բազկաթոռների վրա նստատեղերը մաշեցնենին, ապա այս և նախորդ ՝ այդ թվում ողբերգական, վթարները այդ փոսի պատճառով տեղի չէին ունենա: Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր