211652_close_icon
views-count42314 դիտում article-date 16:45 04-05-2021

Նոր մանրամասներ՝ Երևանում՝ «Նորք» հեռուստաաշտարակի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթից. վիրավորների մեջ են ՊԵԿ պաշտոնյան և ՀՀ ՊՆ 2 սպաներ. վիրավորներից մեկի ոտքը կտրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 40-ամյա Ռոբերտ Գրիգորյանը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Պավել Նաղդալյանը, որից հետո Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի 34 ԼC 192 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Պ. Նաղդալյանին, ապա բախվել նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ հրվելով, վրաերթի է ենթարկել Toyota-ի վարորդ Ռ. Գրիգորյանին։

Վթար-վրաերթի հետևանքով Ռ. Գրիգորյանը, Պ. Նաղղդալյանը, Ա. Հովհաննիսյանի ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սամսոն Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության Արարատի բաժնի պետ, վարորդներից Ա. Հովհաննիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավորներից Ս. Չոբանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։  

Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության աշտարակից դեպի ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյ» տանող ճանապարհահատվածում, բախվել էին BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի և BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մինչ նշված BMW-ների բախումը, BMW մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենայի և Toyota Corolla մակնիշի 36 VP 507 համարանիշի ավտոմեքենայի միջև բախում էր տեղի ունեցել, և վարորդները կանգնել էին և զանգահարել ԱՊՊԱ, այդ ժամանակ BMW մակնիշի 34 LC 192 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխվողներից երկուսին։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջավաղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ նյութեր էին նախապատրաստվում, և նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, քանի որ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր