982 դիտում
17:56 18-05-2015
Մասնագետների կարծիքով՝ սեռով պայմանավորված աբորտներն ընտանիքի սխալ պլանավորման հետևանք են
Երևանի հինգ բուհերի ուսանողների շրջանում «Հաղարծին» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Սովորենք ընտանիք կազմել» խորագրով ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Լուսինե Արիստակեսյանը նշում է, որ իրենց խնդիրն է բարձրացնել հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին վերարտադրողական տարիքի երիտասարդների գիտելիքների մակարդակը։
«Սովորենք ընտանիք կազմել» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Լուսինե Արիստակեսյանը նշում է, որ մասնագետների խորհրդով ուսանողների հետ հանդիպումների ընթացքում քննարկումների, դասախոսությունների ժամանակ շեշտը դրվում է ընտանիքի պլանավորման վրա, քանի որ աբորտները հենց սխալ պլանավորման հետևանք են։
Այցելություններ են իրականացվել Հայաստանի պետական տնտեսագիտական, լեզվահասարակագիտական, պոլիտեխնիկական, Երևանի պետական համալսարաններ, գեղարվեստի ակադեմիա։ Ծրագրի ղեկավարը նկատում է, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին վերաբերող դասախոսություններն ու քննարկումները բավականին բուռն են անցնում, հատկապես երբ լսարանում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները։ Շատ հաճախ հանդիպումներից հետո ուսանողուհիները նաև առանձնազրույցներ են ունենում մասնագետի հետ։
Որպես թիրախ խումբ ընտրվել են ավագ կուրսերի ուսանողները (21-24 տարեկան), ովքեր ամուսնության շեմին են և նման հանդիպումների ընթացքում կարողանում են հավաստի տեղեկություններ ձեռք բերել մասնագետներից։ Ընդ որում, աղջիկներն առավել շահագրգիռ են մասնակցելու նման հանդիպումների, քանի իրենց հասակակից տղաները։ Լուսինե Արիստակեսյանը նկատում է, որ հանդիպումները երիտասարդների հետ ցույց են տվել, որ մի մասն ընդհանրապես տեղեկություն չունի սեռով պայմանավորված աբորտների վերաբերյալ, մի մասն էլ կարծում է, որ սերունդը շարունակելու համար պետք է տղա ունենալ։ Ընդ որում, հարցումները, որոնք անցկացվում են հանդիպումներից առաջ և հետո, վկայում են, որ դրանք արդյունավետ են, քանի որ եթե սեմինարներից առաջ հարցվածները նշում էին, թե կդիմեն սեռով պայմանավորված աբորտի, ապա հանդիպումից հետո նման քայլը բացառում են։
Լուսինե Արիստակեսյանը, առանձնացնելով պոլիտեխնիկական համալսարանը, որտեղ լսարանի մեծ մասը տղաներ էին, նշում է, որ շատ ուշադիր ունկնդրում ու ակտիվորեն քննարկում են ընտանիքի պլանավորման թեման։ Բայց երբ հերթը հասնում է աբորտներին և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, բոլորը լռում են։ Այն տպավորությունն է, թե առաջին անգամ են լսում այդ մասին։
«Հաղարծին» ՀԿ-ի ներկայացուցիչները բուհերում դասընթացներին չմասնակցած ուսանողների շրջանում բաժանում են թռուցիկներ, որոնք պարունակում են ինֆորմացիա աբորտների բացասական հետևանքների, ընտանիքի պլանավորման վերաբերյալ, ինչպես նաև նշված են կայքեր, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան կարդալու թեմայի վերաբերյալ գրագետ տեղեկատվություն: Տպագիր նյութերի մշակմանը մասնակցել են հրավիրված մասնագետներ՝ սեքսոլոգ, գինեկոլոգ, հանրային առողջության և ընտանեկան բժիշկ:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
23:58 20-01-2014
Երեխայի սեռով պայմանավորված աբորտների թիվը Հայաստանում աճել է. տեսանյութ
1496 դիտում
11:44 17-05-2014
Հայաստանի մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան