211652_close_icon
views-count1452 դիտում article-date 19:24 19-05-2015

Երևանի Կապույտ մզկիթում անցկացվել է պարսկերենի մրցույթ՝ աշակերտների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի համագործակցությամբ Երևանում կայացել է պարսկերենի մրցույթ՝ գրավոր և բանավոր փուլերով, պարսկերենի ուսուցմամբ դպրոցների թիմերի մասնակցությամբ։ Մրցույթին մասնակցել են նաև Գյումրի քաղաքի, Դվին և Կարբի գյուղերի դպրոցների թիմերը։ «Տարբեր առարկաների մրցույթները, օլիմպիադաները աշակերտներին խրախուսելու միջոցներ են, ինչպես և այս մրցույթն է։ Պարսկերենի ուսուցանումը Երևանի դպրոցներում բավականին լավ հիմքերի վրա է, և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապերության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ փորձում ենք էլ ավելի լավ արդյունքների հասնել։ Մենք պայմանավորվածություն ունենք կազմակերպել նաև պարսկերենի ուսուցիչների վերապատրաստումներ, նոր դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հրատարակում։ Մեր բուհերում ուսումնասիրվում է պարսկերենը, հետևաբար պետք է ունենանք ամուր հիմք՝ թեկուզև մի քանի դպրոցներում։ Պարսկերենը ոչ միայն մեզ հարևան պետության, այլև հին ու արժեքավոր մշակույթի, գրականության ու դարավոր պատմության լեզու է»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապերության դեսպանատան մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին համագործակցության համար, որը կրթամշակութային արդյունավետ ներկա ու լավ հեռանկար ունի։ Մրցույթի ավարտական փուլն անցկացվել է Երևանի Կապույտ մզկիթում։

Նմանատիպ նյութեր