211652_close_icon
views-count1816 դիտում article-date 12:40 28-06-2014

Բացվեց «Երկխոսություն կապույտ մզկիթում» ցուցահանդեսը

Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ ֆոտոլրագրող Սոնա Ադամյանի «Երկխոսություն Կապույտ մզկիթում» անհատական ֆոտոցուցահանդեսի բացումը, որին ներկա էին հայ և իրանցի մտավորականներ, արվեստասերներ, նաև պաշտոնատար անձիք` Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին և Իրանի դեսպանատան մշակույթի բաժնի ղեկավար Մաջիթե Մեշկին: Հայաստանում Իրանի Դեսպան Մոհամմադ Ռեյիսին բարձր գնահատեց ֆոտոլրագրողի կատարված աշխատանքը և առաջարկեց մի քանի լուսանկար վերցնել` Կապույտ մզկիթում մշտական ցուցադրության: Հեղինակն իր ցուցահանդեսն անվանել է «Երկխոսություն Կապույտ մզկիթում», քանի որ ըստ նրա, Երևանի մահմեդական միակ աղոթատունը` Կապույտ մզկիթը, հայ և իրանական մշակույթների երկխոսության խորհրդանիշն է, դա նաև այն վայրն է, որտեղ Իրանի ժողովուրդը երկխոսում է իր աստծո` Ալլահի հետ, իսկ ցուցահանդեսն էլ իր հերթին երկխոսության ձև էր մեր և իրանական մշակույթի միջև: Երկու շաբաթ տևած աշխատանքների արդյունքում ստեղծված հազարավոր լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված են 30-ը: Իմամ Հաջի աղա Շաջաանիի ընտանիքի օրինակով երկխոսության դրսեւորումները ներկայացվում են ոչ միայն կրոնական համատեքստում, այլ նաեւ ազգային, մշակութային առանձնահատկությունների դիտանկյունից: Նախագիծն իրականացվել է «Քաղաքացիական ֆորում» ՀԿ-ի, Եվրախորհրդի աջակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 4-ը (Երևան, Մաշտոցի 12, Կապույտ մզկիթ):

Նմանատիպ նյութեր