211652_close_icon
views-count899 դիտում article-date 15:23 22-05-2015

Վարշավայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Հայոց ցեղասպանության թեմայով արժեքավոր հրատարակությունները

Ս. թ. մայիսի 14-17-ը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվել է գրքի միջազգային 6-րդ տոնավաճառը, որին մասնակցել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրների գրահրատարակչությունների և լրատվական գործակալությունների մասնագետներ` գրողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գրավաճառներ, գրադարանային գործիչներ, գրական գործակալներ: Վարշավայի տոնավաճառն այս տարի աննախադեպ էր` 50000 այցելուներով: Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում էր 3-րդ անգամ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված գրքեր` Հայաստանից և արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացվել են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված էր Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը: Բացի վերոնշյալ գրականությունից, ներկայացված էին նաև վերջին մեկ տարվա ընթացքում լեհերենով հրատարակված` Հայաստանի պատմությանը, Հայոց ցեղասպանությանը, ճարտարապետությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի պատմությանը վերաբերող գրքեր: Ս. թ. մայիսի 14-ին, տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, մի շարք գրքերի շնորհանդեսներ և թեմատիկ այլ միջոցառումներ: Այս համատեքստում, ս. թ. մայիսի 16-ին, գրքերի հեղինակների կողմից լեհ ընթերցողին են ներկայացվրել Մոնիկա Ագոպսովիչի «Սահմանային Պոկուտիա. Հայաստանի Ռեչ Պոսպոլիտա» գիրքը, որը 2014 թվականի լավագույն գիրք է ճանաչվել, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան», Քշիշտոֆ Ստոպկայի «Գրով ընկալվող լեզուները. կիպչատյան-հայկական և լեհ-հայկական ալոգրաֆիան հին Լեհաստանի մշակույթում» գրքերը, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպի լեհերեն թարգմանությունը, Ստեփան Լիսիցյանի պատմվածքների լեհերեն թարգմանությունը` «Հայաստանի անցյալից» խորագրով, Ջոնաթան Հովհաննես Ուբստերի «Ես լսեցի սոխակի երգը» գիրքը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Աստվածատուր իլովացի Գասպարյանի «Խաչքար» բանաստեղծությունների հայերեն և լեհերեն ժողովածուն: Մայիսի 17-ին և 18-ին` «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բացվել է հայ ճանաչված աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի «Հայաստանի պատմական քարտեզներ» խորագրով ցուցահանդեսը և տեղի է ունեցել նույնանուն տեղեկագրքի շնորհանդեսը:

Նմանատիպ նյութեր