211652_close_icon
views-count835 դիտում article-date 14:54 22-05-2015

Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը. Շվեդիայի վարչապետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ: Քննարկվել են հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության հարցեր: Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանում Եվրոպական միության ռազմավարական գործընկերներից մեկը, Շվեդիայի վարչապետը ողջունել է Հայաստանի՝ Եվրասիական միության և ԵՄ միջև կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարևոր հարթակ: ՀՀ Նախագահը և Շվեդիայի վարչապետը միջպետական հարաբերություններում կարևոր տեղ են վերապահել առևտրատնտեսական կապերին և ընդգծել այդ ոլորտում փոխգործակցությունը խորացնելու, հայաստանյան շուկայում շվեդական ներդրումներն ու նոր ընկերությունների մուտքը խթանելու և խրախուսելու ուղղությամբ երկկողմ աշխատանքի անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանը և Ստեֆան Լյովենը հայ-շվեդական հարաբերությունների առավել ամրապնդման գործում կարևորել են Երևանում և Ստոկհոլմում բացված դեսպանությունների գործունեությունը: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի իշխանություններին՝ ս.թ. ապրիլին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կայացած ոգեկոչման միջոցառումներին Շվեդիայի պաշտոնական մասնակցության համար:

Նմանատիպ նյութեր