4573 դիտում
14:52 27-05-2015
Սարդարապատի հերոսամարտը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե. Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ հայտարարեց, որ սուր կվերցնի, կզոհվի, բայց չի լքի Մայր Աթոռը. Մանվել Գրիգորյան
Երկրապա՛հ հայ ժողովուրդ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս մասին Հանրապետության տոնի՝ մայիսի 28-ի կապակցությամբ ասված է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորական ուղերձը ներկայացնում է ստորեւ.
«20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և հազարապատիկ անգամ բազմամարդ ու մինչեւ ատամները զինված նենգ ոսոխի նկատմամբ վճռական պատերազմի, մեր ազգի արիության շնորհիվ :
Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է: Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար Շուշիի ազատագրում և ազատ, անկախ Արցախ: Փա՛ռք աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը: 1918-ի մայիսյան հերոսամարտերին մասնակցել են մեր պապերը, մեր նախնիները, և մենք պարտավոր ենք տեր կանգնել նրանց ժառանգությանը: Անձամբ ես էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից հարազատ եմ ունեցել և պարտքս եմ համարել նրա գործն Արցախում շարունակելը:
Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի մայր աթոռը:
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին:
Մեր սրբազան պարտքն է ամուր պետականությամբ, միասնականորեն Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում աշխարհին լսելի դարձնել պահանջատիրական մեր ձայնը:
Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:
Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ:
Շնորհավորում են համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են»:
Նմանատիպ նյութեր
2115 դիտում
21:24 28-05-2021
Սարդարապատի հերոսամարտը խորհրդանշող «Ծառ ապրողաց»-ը համալրեց Անկախության անահետը. ՖԵՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն