211652_close_icon
views-count1378 դիտում article-date 23:35 11-06-2015

Մայրաքաղաքում շարունակվում են մշակույթի տների և գրադարանների հիմնանորոգման աշխատանքները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել և ծանոթացել է վարչական շրջանի մշակույթի տանն իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կարևորելով ծրագրի իրականացումը` դպրոցի տնօրենը նշել է, որ աշխատանքների ավարտից հետո մշակութային օջախն ամբողջովին նորոգված ու հարմարավետ պայմաններով ապահովված իր դռները կբացի շուրջ 200 սաների առջև: Պատասխանատուները նաև համոզմունք են հայտնել, որ հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա զգալիորեն ավելացնել խմբակներ հաճախող երեխաների թիվը: Օգտվելով առիթից` կրթօջախի տնօրենը նաև դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական, և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ, հետևել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու այն ավարտել նախատեսված ժամկետում: Գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար` հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների թվի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստանում նաև գրադարաններում առկա գրականության պահպանման խնդիրը: Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 79, 84 և 97 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզների աշխատակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման ու անհրաժեշտ գույքով ապահովման ծրագրերը լինելու են շարունակական: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև խոհարարների հետ, ծանոթացել փոքրիկների սննդակարգին: Առանձնակի կարևորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս խստորեն հանձնարարել է պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու, ինչպես կարգն է, գործընթացին մասնակից դարձնել նաև ծնողներին:

Նմանատիպ նյութեր