211652_close_icon
views-count1488 դիտում article-date 18:37 19-06-2015

Ավարտվել է հերթապահություն իրականացնող ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թ. մարտի 09-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, քաղաքացի Ս.Նավասարդյանը, ևս 4 անձանց հետ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մոտեցել է Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում ուժեղացված ծառայություն իրականացնող ՀՀ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին: Ս.Նավասարդյանը հեգնանքով հարցրել է, թե արդյոք տեսուչները չե՞ն կանգնեցրել իրենց ավտոմեքենան, ապա՝ առաջարկել իր համար ծխախոտ գնել։ Չենթարկվելով ծառայության վայրից հեռանալու և ծառայությանը չխոչընդոտելու՝ ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանի օրինական պահանջներին՝ Նավասարդյանը հայհոյել է, տեսուչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ս.Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր