211652_close_icon
views-count744 դիտում article-date 16:03 29-06-2015

Կխստացվի վերահսկողությունը մայրաքաղաքի արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտման 4 դեպք է հայտնաբերվել, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ: 2 հասցեում քանդվել են ապօրինի շինությունները: Եվս 4 դեպք հայտնաբերվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման մասով: Հանձնարարվել է աշխատանքները պահել մշտական հսկողության ներքո: Զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ հսկողության արդյունքում կազմվել է 26 արձանագրություն, որից 19-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման և 7-ը՝ ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքի համար: Հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման ուղղությամբ հսկողությունը: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով էլ հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հատկապես բակային տարածքներում: Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտանբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրավախախտման 53 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ոռոգման համակարգ ունեցող տարածքներում պատշաճ խնամքի ապահովման նպատակով տվյալ տարածքների ոռոգումը կատարվում է երկհերթ ռեժիմով: Նաև նշվել է, որ զուգահեռաբար ընթանում են ճմապատման և ծաղկապատման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված հանձնարարվել է հատուկ հսկողություն տակ պահել բակային տարածքների, թունելային կառույցների և ստորգետնյա անցումների լուսավորության անխափան ապահովմանը: Առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ արգելելով դրանցում լողալը, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները: Մայրաքաղաքում դպրոցների ավարտական և պետական քննությունների ընթացքի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ թվով 145 հիմնական դպրոցների շրջանավարտները հաջողությամբ հանձնել են քննությունները՝ ստանալով հիմնական կրթության վկայականներ: Շրջանավարտներից 125-ը ստացել են հատուկ նմուշի գերազանցության վկայականներ: 13 միջնակարգ և կույրերի հատուկ դպրոցի 447 աշակերտները նույնպես հաջողությամբ հանձնել են քննությունները և ստացել վկայականներ: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: 38 մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Նմանատիպ նյութեր