211652_close_icon
views-count1287 դիտում article-date 15:36 02-07-2015

Հիմնանորոգվում է Լոռու մարզի 10-ը գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհը. տեսանյութ

Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներ մինչև հաջորդ տարի կունենան նոր, հիմնովին նորոգված ճանապարհներ: 39,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում արդեն ավարտվել են հողային հին պաստառի հեռացման և ճանապարհի հարթեցման աշխատանքները, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրելու համար փորվել են ճանապարհամերձ հատվածները: Կառուցվում է նոր համակարգ՝ անձրևաջրերը ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացնելու համար: «Խաչհար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Միհրան Զաքարյանի խոսքով՝ ջրահեռացման համակարգի նորոգումը մոտ 80-90 տոկոսով արդեն ավարտված է: Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ճանապարհային ծածկ կառուցելու համար։ Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը ձեռք է բերել անգլիական արտադրության ճանապարհաշինական տեխնիկա: Այն մի մեծ գործարան է անիվների վրա՝ բաղկացած երեք հիմնական մասերից: Առաջինը ջարդում և խիճ է դարձնում էքսկավատորից լցված մեծ քարերը, երկրորդն առանձնացնում է մանր ու միջին չափի խիճը, երրորդը մաղում է ավազը: «Շուտով այստեղ կլինի նաև ասֆալտի շարժական գործարանը։ Այն ունի օդազտման համակարգ, ինչի շնորհիվ քաղաքի կենտրոնում անգամ կարելի է այդ գործարանն աշխատացնել ու որևէ էկոլոգիական խնդիր չի լինի»,-նշում է Մ. Զաքարյանը: Վերակառուցվող ճանապարհահատվածներ էին այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Պաշտոնյաները տեղում ծանոթացան շարժական գործարանի արտադրական հնարավորություններին: Քարջարդիչ սարքն, օրինակ, ժամում կարող է 300 տոննա արտադրանք տալ: Ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նորարարական այդ տեխնոլոգիաների կիրառումն արագացնում է ճանապարհաշինության ընթացքը: Յաղդան գյուղի բնակիչները կատարվող աշխատանքների համար իրենց գոհունակությունը հայտնեցին ճանապարհաշինարարության պատասխանատուներին: Ազգությամբ հույն 80-ամյա Լենա Ամիրովն հիշում է, որ գյուղի ճանապարհը վերջին անգամ 70 տարի առաջ են ասֆալտապատել: Վերակառուցվում է նաև գյուղի հիմնական դպրոց տանող ճանապարհը, որի սաների թիվը վերջին տարիներին ավելացել է: Ասֆալտապատ ճանապարհ ու մայթեր ունենալու պարագայում ավելի անվտանգ ու հարմարավետ կդառնա աշակերտների մուտքը դպրոց: Կողես գյուղ տանող ու գյուղամիջով անցնող ճանապարհին ևս ավարտվել են շինարարության առաջին փուլով նախատեսված աշխատանքները: Գյուղի բնակիչները ճանապարհի վերակառուցման պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առաջարկեցին գյուղտեխնիկայի համար տեղադրել համապատասխան բետոնյա հատվածներ, որպեսզի այն չերթևեկի ասֆալտե ծածկի վրայով՝ շարքից հանելով այն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ընդգծեց, որ առաջարկն ընդունելի է. «Շինարարին, նախագծողին, ծրագրի ղեկավարին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել»։ Լոռու մարզպետ Արթուր Նավասարդյանը համոզված է, որ գյուղերն իրար կապող ճանապարհների հիմնանորոգումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանը. «Սպասելիքները շատ մեծ են, քանի որ տնտեսության զարգացման ամենակարևոր նախապայմանը հենց ճանապարհն է»: Ճանապարհի վերակառուցման ընդհանուր արժեքը 3,5 մլրդ դրամ է, վերակառուցվող հատվածների ընդհանուր երկարությունը՝ 39,6կմ: Շինաշխատանքներն համաֆինանսավորվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետը մինչև 2016թ. նոյմեբերն է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ ծրագիրը նախատեսված է իրականցնել 2 տարվա ընթացքում, որոշում է կայացվել, որ ոչ որակի, այլ՝ արհեստավարժության հաշվին, աշխատանքները իրականացնեն մեկ տարում. «Այսինքն՝ նախատեսում ենք 2 տարվա ծրագիրը կատարել այս տարի»: Սա հնարավոր է. հավաստիացնում են նաև ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները: Վերակառուցումից հետո Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներով անցնող ասֆալտապատ ճանապարհի մի ծայրը կմիանա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղուն, մյուսը՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ճանապարհին: Այստեղ ևս աշխատանքներն ընթանում են բուռն թափով: Վերակառուցվող ճանապարհի երկարությունը 3,9կմ է: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Լոռիում ճանապարհաշինական ակտիվ տարի է սպասվում նաև 2016-ին: Նախատեսվում է վերակառուցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ներառյալ 3 թունելներն ու կամուրջները: Այս պահին պատրաստ է ճանապարհի նախագծի նախնական տարբերակը, բանակցություններ են տարվում Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր