211652_close_icon
views-count3286 դիտում article-date 16:12 14-09-2016

Հիմնանորոգվել է Լոռու մարզի տասը համայնքներն իրար կապող ավտոճանապարհը. Տեսանյութ

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` ավարտվել են Լոռու մարզի Ագարակ - Յաղդան - Կողես - Մղարթ - Արևածագ - Կարմիր Աղեկ - Ծաթեր - Այգեհատ - Արդվի - Օձուն ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Անդրադառնալով հիմնանորոգված ճանապարհին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ այն ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Հիմնանորոգված ճանապարհահատվածը Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման (Մ-3) միջպետական նշանակության ավտոճանապարհը կապում է Ստեփանավանի, Թումանյանի տարածաշրջանների համայնքների, միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի, ինչպես նաև Ստեփանավան և Ալավերդի քաղաքների հետ։ «Ճանապարհի երկարությունը կազմում է շուրջ 39,6 կմ: Այս ծրագրով հիմնանորոգվել է տասը համայնք միմյանց կապող ճանապարհը: Ներդրվել է գրեթե 3 միլիարդ 476 միլիոն դրամ: Ճանապարհահատվածի հիմնանորոգումը բաժանված է եղել հինգ հատվածների։ Շինարարությունն իրականացրել են «Ճանապարհ», «Արգիշտի-1» և «Խաչհար» ընկերությունները, իսկ տեխնիկական հսկողությունը՝ գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերությունը: Այսօր ունենք շատ գեղեցիկ ճանապարհ և, կարծում եմ, որ այն 15 տարուց ավելի կծառայի մեր բնակչությանը», - նշեց Է. Սարգսյանը: Գերմանական «Կոքս Քոնսալթ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուտ Մյուլլերը նույնպես ընդգծեց, որ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները բարձր մակարդակով են արված: «Մենք, իսկապես, պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր շինարարներին, ովքեր կառուցեցին այս ճանապարհները, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Այսօր ոչ միայն ուրախ ենք, այլ նաև հպարտ, որ մասն ենք կազմել այս աշխատանքների իրականացման: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել գեղեցիկ համագործակցության համար», - ասաց Կ. Մյուլլերը: Գերմանացի մասնագետի դիտարկմամբ` բնակչության համար շատ կարևոր գործ է արվել. «Շինարարության ընթացքում բազմիցս այստեղ եղել եմ և հիմա նկատում եմ տարբերությունը: Երթևեկությունն աշխուժացել է, նույնիսկ մի քանի խանութներ նկատեցի, որոնք նոր են բացվել: Այնպես որ՝ ճանապարհի կառուցումը նպաստել է համայնքների կյանքի որակի բարելավմանը»: Համայնքներում ճանապարհահատվածի հիմնանորոգումը պարզապես հրաշք են համարում: «Նման հրաշք ոչ մի անգամ չէր եղել, որովհետև սա երկար սպասված գործ էր, որը մի քիչ անհավատալի էր, բայց այսօր մեզ համար դարձավ իրողություն: Գյուղացու համար ճանապարհն անհրաժեշտություն է, որպեսզի կարողանա իր արտադրած բերքն ու բարիքը շուկա հասցնել: Իսկ հիմա մենք շուկա չենք տանում, արդեն շուկայից են գալիս մեր արտադրանքը տանելու», - անկեղծացավ Ագարակ համայնքի ղեկավար Ռուբեն Բարխուդարյանը` հիշեցնելով, որ դեռ 90-ական թվականներից այս ճանապարհն ուղղակի անանցանելի էր: Ասվածը փաստեց նաև Արևածագ համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը. «Նախկինում ճանապարհ չենք ունեցել, դաշտերով ենք երթևեկել։ Այս ճանապարհը շատ վատ վիճակում էր: Ճանապարհի վերանորոգումը մեզ համար երազանք էր, չպատկերացնելու բան էր, որ ստացվեց: Սա մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի, գյուղի փողոցները դարձել են երթևեկելի: Մեր արտադրանքը արդեն կարողանում ենք արտահանենք»: Ծաթեր համայնքի ղեկավար Բագրատ Ղալայանն էլ նշեց, որ նախկինում ճանապարհն այնքան վատն էր, որ նույնիսկ շտապօգնություն չէր գալիս. «Հիմա արդեն շարժը կա, շտապ օգնությունն էլ է գալիս-գնում: Ժողովուրդն էլ գոհ և շնորհակալ են»: Արդյունքներից գոհ են նաև վարորդները: «Շատ գոհ ենք, առաջ եթե մեկը հիվանդանում էր, մինչև Ալավերդի էինք հասցնում մի ժամ տևում էր, հետն էլ մեքենաները շարքից դուրս էին գալիս, հիմա 15 րոպեում գնում-գալիս ենք: Ճանապարհը ժամանակին գրեթե անանցանելի էր: Կարելի էր այստեղ մրցումներ անցկացնել վատ ճանապարհների մասով: Հիմա շատ լավ է, շատ գոհ ենք, աշխատանքները շատ լավ են կատարվել»,- ասաց Արևածագի բնակիչ, վարորդ Կարեն Մելիքսեթյանը: Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արդվի, Այգեհատ և Մղարթ համայնքներում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացրած «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը վստահեցրեց, որ այն, ինչ պահանջվում էր ճանապարհի հիմնանորոգման համար, բոլորն արված է. «Մայթերով, ջրահեռացման համակարգով ամբողջությամբ աշխատանքներն ավարտել ենք: Բացի այդ, 6 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածում լրացուցիչ իրականացրել ենք նաև մակերեսային մշակում, որպեսզի երկարացնենք ճանապարհի ծածկի երկարակեցությունը: Այդ ընթացքում կատարվել են հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքներ են ապահովվել, գյուղատնտեսական մեքենաների համար 7 տեղ անցումներ ենք կառուցվել»: Ի դեպ, ընդառաջելով Լոռու մարզպետի, համայնքների ղեկավարների և բնակչության խնդրանքներին` նախատեսված ավազակոպճային ծածկի փոխարեն, Արևածագ-Ծաթեր ճանապարհահատվածում 2,1 կմ ճանապարհահատվածն ասֆալտապատվել է: Ըստ կապալառու ընկերության ղեկավարի՝ այն հաջողվել է իրականացնել նախագծային փոփոխությունների և նոր տեխնոլոգիայի կիրառմամբ` լրացուցիչ տնտեսումների հաշվին: Նշենք նաև, որ սեպտեմբերի 14-ից մեկնարկել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի արդեն իսկ հիմնանորոգված Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման և Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով: Մանրամասները՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր