3206 դիտում
20:46 03-07-2015
Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է. տեսանյութ
Տավուշի մարզի Այգեհովիտ – Վազաշեն - Պառավաքար համայնքներն իրար կապող նորակառույց շրջանցիկ ճանապարհն արդեն գործում է։ Այն անվտանգ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական ճանապարհի Վազաշեն - Պառավաքար վտանգավոր հատվածը շրջանցելու և ազգաբնակչության համար անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 6-ի N 140-Ն որոշմամբ նախատեսվել էր կառուցել շրջանցիկ ճանապարհ:
Նախագիծը կազմել է «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊ ընկերությունը՝ շինարարական աշխատանքների 612,8 մլն դրամ նախահաշվային արժեքով:
2014թ. փետրվարի 27-ին «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքվել է 519 759 908 ՀՀ դրամ արժեքով կապալի պայմանագիր: Ըստ պայմանագրի՝ կապալառուն աշխատանքները պետք է ավարտեր 2014թ. հունիսի 30-ին: Սակայն «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ կնքված կապալի պայմանագիրը՝ աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետի խախտման հիմքով, պատվիրատուի կողմից 2014թ. օգոստոսի 14-ին միակողմանի չեղյալ է համարվել:
2014 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված նոր պայմանագրի համաձայն` աշխատանքներն իրականացրել է «Խաչհար» ՍՊ ընկերությունը։
Կապալի պայմանագրի արժեքը կազմել է 356 341 937 ՀՀ դրամ: Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է պայմանագրի կնքման առաջին իսկ օրվանից։ Այն նախատեսվում էր ավարտել 2014թ. հոկտեմբերի 30-ին: Սակայն եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունը, տեղումների առատությունը թույլ չտվեցին աշխատանքներն ամբողջությամբ ավարտել սահմանված ժամկետում, քանի որ թաց հիմքի վրա հնարավոր չէր որակյալ ասֆալտապատում իրականացնել: Այդ պատճառով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից որոշում կայացվեց ժամանակավորապես դադարեցնել ճանապարհի կառուցման աշխատանքները:
«Խաչհար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ. հուլիսի վերջը: Կապալառու ընկերությունը պարտավորվեց աշխատանքներն ավարտել 2014թ. կնքված պայմանագրի գումարի շրջանակներում:
Կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել է ավազակոպճային հիմք, որի վրայից փռվել է ասֆալտբետոնե ծածկ: Կառուցված ճանապարհի համար կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի լիարժեք անվտանգությունը:
Մասնավորապես, ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է անվտանգ երթևեկի համար պաշտպանիչ վահանի դեր կատարող պատ՝ 150մ երկարությամբ և 5,5մ բարձրությամբ: Կառուցված 6 ոլորանները, որոնց լայնությունը 10-12մ է, հարմարավետ են դարձնում ճանապարհով մեծ բեռնատարների շարժը:
Այլընտրանքային ճանապարհահատվածն ունի 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կրճատում է մոտ երկու կիլոմետրով։
Ճանապարհի կառուցման աշխատանքների ողջ ընթացքը գտնվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության ներքո:
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի խոսքով՝ կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը, ճանապարհը հուսալի է, կառուցված է որակով։
Ճանապարհի կառուցման ընթացքում կիրառվել են նորարարական մոտեցումներ: Մասնավորապես՝ ասֆալտը պատրաստվել է տեղում՝ իտալական սարքավորումներով շարժական գործարանում, ինչի արդյունքում մի քանի անգամ արագացել է ասֆալտի փռման գործընթացը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ անվտանգության նկատառումներով կառուցված պատի դիրքն ընտրվել է տևական ուսումնասիրությունների արդյունքում. «Հիմա ադրբեջանական դիրքերից դեպի ճանապարհ տեսադաշտը փակ է»:
Ճանապարհով երթևեկող վարորդները գոհ են շինարարների աշխատանքից «Ճանապարհը շատ լավն է, որակով, կարևորը՝ անվտանգ է»,- ասում են նրանք։
Ճանապարհի կենսական կարևորությանն է անդրադառնում Վազաշեն համայնքի գյուղապետ Լորիկ Բադիրյանը.
«Այս ճանապարհը բավականին մեծ նշանակություն ունի մեզ համար, ժողովրդի հանգստության համար։ Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ ադրբեջանի կողմից դիպուկահարները վնասել են մեր բնակիչներին»,-ասում է նա:
Կառուցված ճանապարհի երաշխիքային ժամկետը 3 տարի է, որից հետո այն կհանձնվի պահպանության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
11:57 23-05-2014
Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են. տեսանյութ
2161 դիտում
20:54 27-06-2014
Փոխվարչապետը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին
3793 դիտում
18:05 16-01-2014
Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին. տեսանյութ. ֆոտոշարք
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին