211652_close_icon
views-count1706 դիտում article-date 16:59 08-07-2015

Կայացել է Չայկովսկու անվան միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը

Հուլիսի 7-ին կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը: Համերգի կազմակերպիչն էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Մրցույթի կազմակերպիչները՝ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցությունը, Զարգացման միջպետական կորպորացիան։ Գլխավոր հովանավորը՝ ՄԿՌ Մեդիա Արմենիան: Երեկոյի ընթացքում հանդես եկան մրցույթի եզրափակիչ փուլ անցած հայ պատանիներ Արթուր Գրիգորյանը (դաշնամուր), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Դիանա Ադամյանը (ջութակ), ինչպես նաև՝ մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ) և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Եզրափակիչ փուլ անցած հայ պատանիները դեկտեմբերին Նովոսիբիրսկ քաղաքում կմասնակցեն Չայկովսկու անվան 9-րդ միջազգային պատանեկան մրցույթին: Համերգին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը հույս հայտնեց, որ իր ղեկավարած դպրոցի սաները Նովոսիբիրսկում հաղթանակներ կգրանցեն։ Տնօրենը տեղեկացրեց, որ երեք պատանիներն էլ մեծ ճանապարհ են անցել և միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիրների ընկերակցության գլխավոր տնօրեն Անդրեյ Շերբակը նշեց, որ հայ երիտասարդները բազմիցս են հաջողությամբ հանդես եկել Չայկովսկու անվան մրցույթին։ Նա նաև տեղեկացրեց, որ Սերգեյ Սմբատյանն այս տարի ընդգրկվելու է մրցույթի ժյուրիի կազմում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, իրենց համար մեծ պատիվ է հանդես գալ Չայկովսկու անվան միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգում։ Ասուլիսի ընթացքում զուգահեռներ տարվեցին Արամ Խաչատրյանի անվան և Չայկովսկու անվան միջազգային մրցույթների միջև։ Հատկապես շեշտվեց, որ խաչատրյանական մրցույթի հաղթողները հետագայում արժանացել են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնիներին։ Մասնավորապես, 2013թ. Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար Անդրեյ Իոնիտան Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում նույնպես նվաճել է առաջին պատվավոր տեղը։ 2012թ. Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակակիր, ջութակահար Պավել Միլյուկովն այս տարի արժանացել է Չայկովսկում անվան միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին և բրոնզե մեդալին: Անդրեյ Շերբակը նկատեց, որ Խաչատրյանի և Չայկովսկու անվան մրցույթները իսկական տաղանդներին բարձրացնում են երաժշտական էլիտայի բարձունքներ։ Օրինակ, Նարեկ Հախնազարյանը, հաղթելով Խաչատրյանի, հետագայում նաև՝ Չայկովսկու անվան մրցույթներում, այսօր արդեն միջազգային կարգի աստղ է։ «Ես կարծում եմ, որ Խաչատրյանի և Չայկովսկու անվան մրցույթների համագործակցությունը կտա արժանի պտուղներ»,- ասաց Անդրեյ Շերբակը։ Աննա Տեր-Հովակիմյանը, ով նաև «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրենն է, նշեց. այն փաստը, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողները հետագայում դառնում են նաև Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիրներ, ևս մեկ անգամ շեշտում է խաչատրյանական մրցույթի բարձր մակարդակը։ «Այն տաղանդները, որոնց բացահայտում է Խաչատրյանի անվան մրցույթը, հետագայում շատ լուրջ ստեղծագործական ճանապարհ են ունենում և դառնում հայտնի երաժիշտներ ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ այս փոխգործակցությունն ու արդյունքները տրամաբանական են, և պատահական չէ, որ թե՜ Խաչատրյանի, թե՜ Չայկովսկու անվան մրցույթները Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ են»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը։

Նմանատիպ նյութեր