211652_close_icon
views-count1824 դիտում article-date 22:25 25-11-2015

Հայ պատանիները կմասնակցեն Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթին

Դեկտեմբերի 5-15-ը Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կմեկնարկի Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթը, որը կանցկացվի երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում: Մրցույթին կմասնակցեն մինչև 17 տարեկան 120 պատանի երաժիշտ-կատարողներ՝ ավելի քան 22 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից և այլ երկրներից: Դաշնակահարների ժյուրիի նախագահն է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից կմասնակցեն Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ, լարային բաժնի XI դասարանի աշակերտներ թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը (դասատու՝ Արմինե Ավետիսյան) և ջութակահար Դիանա Ադամյանը (դասատու՝ Պետրոս Հայկազյան): Ս. թ. հուլիս ամսին նրանք Երևանում հաջողությամբ հաղթահարել են մրցույթի նախընտրական փուլը՝ որպես մենակատարներ հանդես գալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ և արժանացել միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:

Նմանատիպ նյութեր