ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հյուրընկալել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում երկու երկրների համագործակցության ուղղությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ հարցերը:
Հյուրի խնդրանքով Գ. Ղազարյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության բնագավառում: «Սպորտի բարձրագույն նվաճումների ուղղությամբ համագործակցում ենք մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ, սակայն մեր կարևորագույն խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքներն են»,- նշել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ճապոնական այկիդո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն առնչվող հարցերին: Նախարար Ղազարյանը նշել է, որ հատկապես ձյուդոն մեծ մասսայականություն է վայելում, և հայ ձյուդոյիստները բավական լավ մարզական հաջողություններ են գրանցում միջազգային մրցահարթակներում:
Նախարարը դեսպան Տագուչիին համառոտ տեղեկատվություն է ներկայացրել օգոստոսին կայանալիք համահայկական խաղերի վերաբերյալ և ասել է, որ ընդլայնվել է ոչ միայն խաղերի մասնակցության հայտ ներկայացրած մարզիկների աշխարհագրությունը, այլև ավելացել է մարզաձևերի և մասնակիցների քանակը: Զրուցակիցները խոսել են նաև հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում շախմատի դասավանդման առավելությունների մասին, ինչը դեսպանը դրականորեն է գնահատել: «Հայաստանը և Ճապոնիան տարածքով փոքր երկրներ են, սակայն երկուսն էլ հարուստ են մշակութային լուրջ ավանդույթներով և մեծ ժառանգությամբ: Մենք շատ բան ունենք միմյանցից սովորելու»,- եզրափակել է նա իր խոսքը: