211652_close_icon
views-count1499 դիտում article-date 22:05 23-06-2015

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հունիսի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Նախարար Ղազարյանը ողջունել է հյուրին և ուրախությամբ նշել, որ Հայաստանի և Ուկրաինայի համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մեծ հեռանկար ունի: «Ավանդաբար Ծաղկաձորի մարզաբազայում իրենց մարզումներն են անցկացնում տարբեր մարզաձևերը ներկայացնող ուկրաինացի մարզիկներ»,- ասել է նախարարը և ավելացրել, որ երկու երկրների համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի ոչ միայն սպորտի, այլ նաև մշակույթի, տուրիզմի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ իր հայրենիքում բնակվող բազմաթիվ հայ մարզիկներ հաջողությամբ են պաշտպանում Ուկրաինայի մարզական պատիվը: «Եվ դրա լավագույն օրինակը «Շախտյորում» բավականին հաջող հանդես եկած Հենրիկ Մխիթարյանն է»,- ասել է Ի. Կուխտան: Պատասխանելով Հայաստանի Հանրապետությունում սպորտին ցուցաբերվող պետական աջակցության վերաբերյալ դեսպանի հարցերին՝ նախարարը տեղեկացրել է, որ մեր երկրում պետական ֆինանսավորում են ստանում մարզաձևերի ազգային 32 ֆեդերացիաներ, սակայն, ինչպես նշել է նախարարը. «համագործակցությունը ֆեդերացիաների հետ իրականացվում է նպատակ ունենալով խթանելու մանկապատանեկան սպորտը և նպաստելու մարզաձևերի մասսայականացմանն ու զարգացմանը»:

Նմանատիպ նյութեր