32600 դիտում
12:10 03-08-2015
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում, կա 6 վիրավոր. Գյուղացիները պնդում էին՝ մեղավոր են նաև Կապի և տրանսպորտի նախարարության չինովնիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Չանդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 17:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 66-ամյա Արմեն Ասլիկյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 22 ՍՍ 125 համարանիշի, Մարտունի քաղաքի բնակիչ 27-ամյա Գևորգ Սիմոնյանի վարած Opel մակնիշի 34 ZF 737 համարանիշի և Նորատուս գյուղի բնակիչ, 54-ամյա Նելսոն Ասոյանի վարած Toyota Camry մակնիշի 33 ՏՕ 300 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ 2121-ի ուղևորներ 36-ամյա Արման Ասլիկյանը, 10-ամյա Տիգրան Ասլիկյանը, 46-ամյա Խաչատուր Մխիկյանը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, իսկ Տոյոտա Քեմրիի վարորդ Ն. Ասոյանն ու նրա ուղևոր՝ 28-ամյա Պարույր Ասոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել նշված հատվածում գտնվող խանութի աշխատակիցները, իսկ վիրավորներից երկուսին Նիվայի միջից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին գլխի հատվածում ստացած վնասվածքներով Մարտունու Բժշկական կենտրոն է դիմում Opel-ի վարորդ Գ. Սիմոնյանը և հայտարարում է որ վնասվածքը ստացել է նախորդ օրը նշված հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հավաքված գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում Կապի և տրանսպորտի նախարարության որոշ պաշտոնյաների անփութության հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախակի են տեղի ունենում, և մեծ մասը, ցավոք, ողբերգական ավարտ են ունեցել: Այդ վթարներից մեծ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն անդրադարձել է:
Պարզապես գյուղացիները հրաշք էին համարում, որ այս անգամ խոշոր ավտովթարի հետևանքով զոհեր չեղան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ գոնե այս անգամ Կապի և տրանսպորտի նախարարությունը կարթնանա թմբիրից և հետևություններ կանի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+