21100 դիտում
13:04 23-09-2015
Լարված իրավիճակ Քասախ գյուղում. գյուղացիները պնդում են, որ Կապի և տրանսպորտի նախարարությունը «բոչկա է գլորում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում:
Ոստիկանության Նաիրիի բաժին մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ նշված ճանապարհին մի տղամարդ անվադողեր և քարեր է շարել ու փակել ճանապարհը, որից հետո անվադողերն այրել է, ինչի պատճառով երթևեկությունը դադարեցվել է այդ կարևոր ճանապարհահատվածում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը, իսկ հետո Նաիրիի ոստիկանների, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ ճանապարհի վրայից հեռացրել են անվադողերը, այդ թվում՝ ամբողջովին վառված, և քարերը, որից հետո երթևեկությունը կարգավորվել է:
Ոստիկանները պարզել են, որ այդ ամենը կատարել է Քասախ գյուղի բնակիչ, 28-ամյա Վիգեն Դավթյանը, ով իր քայլը պատճառաբանել է նրանով, թե պատկան մարմիններին, մասնավորապես, Կապի և տրանսպորտի նախարարությանը՝ հանձինս նախարար Գագիկ Բեգլարյանի, բազմիցս դիմել է, որպեսզի կարգավորվի գյուղի տրանսպորտի խնդիրը, սակայն հարցը լուծելու փոխարեն ամեն անգամ Գ. Բեգլարյանը իր վրայից պատասխանատվությունը գցելով՝ նամակը հասցեագրում է Երևանի քաղաքապետարանին, մինչդեռ նրա մատնանշած վարչական տարածքում տրանսպորտի հարցը պետք է կարգավորի Կապի և տրանսպորտի նախարարությունը, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը:
[color=#EF2929]
Վ. Դավթյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում նաև ասում էր. «Հոկտեմբերյանում գյուղացիներն իրենց խնդիրը լուծելու համար ճանապարհը փակեցին, հարցը լուծվեց: Ես էլ մտածում եմ, որ էսպես անեմ, խնդիրը կլուծվի: Ճանապարհի վրա բերել, սգո սրահ են բացել ու ամեն անգամ նման արարողություններ կատարելու ժամանակ երթևեկությունը կաթվածահար է լինում, մի տրանսպորտը քիչ ա, ուզում ենք ավելացվի, մինչդեռ կապի նախարարը իրա վրից քցում ա խնդրի լուծման մեր առաջարկները ու փորձում ա լափշա կախել մեր ականջներից»:
Գյուղացիները ֆոտոլրագրողին ասում էին. «Վիգենը մեղք չունի: Ստիպված է դիմում ծայրահեղ այդ քայլին: Էդ պրոբլեմները ողջ գյուղի պռոբլեմներն են, մինչդեռ կապի նախարարը մի դուզ գունի պատասխան չի տալիս: Խելքը գլխին պատասխան ստացել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, ով մի քանի անգամ ընդունել է մեզ, ծանոթացել մեր խնդիրներին ու տվել սպառիչ պատասխան, իսկ կապի նախարարությունը ջայլամի քաղաքականություն ընդունելով՝ հարցը չի փորձում կամ չի ուզում լուծել: Լավ է, եղվարդցի ոստիկանները շուտ էկան, Վիգենին հանգստացրեցին, թե չէ խեղճ տղեն, տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ»: [/color]
Իսկ մինչ Եղվարդի ոստիկանների ժամանումը նա ագրեսիվ պահվածք էր ցուցաբերում անգամ իր հարազատների նկատմամբ: Այդքանից հետո գյուղացիներն ասում էին, թե՝ վստահ ենք, հարցը կլուծվի այսքանից հետո ու կապի նախարարությունը բոչկա չի գլորի Երևանի քաղաքապետարանի վրա:
Հրշեջ փրկարարները կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+