2855 դիտում
19:15 14-08-2015
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իշխան Զաքարյանը
Օգոստոսի 14-ին Երևանում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԽՀԿ Գլխավոր ասամբլեան։
Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց՝ Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքների ամփոփում, Պարգևների հանձնում, Ընտրություններ, ՀԽՀԿ գործկոմի հերթական նիստի անցկացման վայրի և ժամկետի որոշում,
Այլ հարցեր։ Ամփոփելով Համահայկական ամառային 6-րդ խաղերի արդյունքները՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը մատնանշել է մի շարք կարևորագույն փաստեր. «Աննախադեպ մասնակցություն՝ 175 քաղաքներ, 6352 մասնակից մարզիկներ, 17 մարզաձև, ինչը 7-ով ավելին է նախորդ խաղերից, բազմահազար զբոսաշրջիկներ, Պատմական հայրենիքի 8 քաղաքների շուրջ 900 պատվիրակ. սրանք պարտավորեցնող թվեր են»։ Պարոն Զաքարյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամներին բարձր մակարդակի ընդունելության և շնորհակալագրերի արժանացնելու համար։
ՀԽՀԿ նախագահը և գործկոմի անդամները քննարկել են նաև խաղերի ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց վերացմանն ուղղված հետագա քայլերը։ ՀԽՀԿ գործկոմի անդամների որոշմամբ պարոն Զաքարյանը պարգևատրել է Մանուկ Շեքերդեմյանին, Միսակ Նաջարյանին, Վրեժ Շառոյանին, Սեպուհ Բաղդոյանին, Տիգրան Ալթունին, Պողոս Քիշյանին, Ավետիս Թոքաթլյանին, Պերճ Հալաջյանին, Ղազարոս Ունանին՝ «Համահայկական մարզական շարժման զարգացման և Համահայկական ամառային 6-րդ խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում ունեցած գործուն մասնակցության համար ՀԽՀԿ Պատվո շքանշանով»։
Այնուհետև տեղի են ունեցել ՀԽՀԿ գործադիր կոմիտեի նախագահի, փոխնախագահների և գործկոմի անդամների ընտրությունները։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի պաշտոնում գործկոմի անդամների միաձայն որոշմամբ վերընտրվել է Իշխան Զաքարյանը։ Փոխնախագահների պաշտոններում կրկին միաձայն որոշմամբ վերընտրվել են Ալբերտ Բոյաճյանը և Ստեփան Դերբեդրոսյանը։
Գլխավոր ասամբլեայում որոշում է ընդունվել նաև ՀԽՀԿ նախագահի տեղակալների թիվն ավելացնել երկուսով։ Տեղակալ է ընտրվել Ռոլանդ Շառոյանը, իսկ մյուս տեղակալի պաշտոնը դեռևս կմնա թափուր։ Տեղի է ունեցել նաև գործկոմի անդամների ընտրությունը։
Գլխավոր քարտուղար է ընտրվել Սվետա Մանուչարյանը։ Պարոն Զաքարյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել գործկոմի կազմում արդյունավետ սերնդափոխություն, ինչը մեծապես կնպաստի ՀԽՀԿ աշխատանքների կազմակերպմանը։ Գլխավոր ասամբլեան որոշել է նաև հաջորդ նիստն անցկացնել 2016թ. մայիսին։ Հանդիպման ավարտին պարոն Զաքարյանը նշել է, որ էական փոփոխությունների են ենթարկվելու ՀԽՀԿ կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։
Քննարկվել են նաև այլ հարցեր։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամլո ծառայություն
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
21562 դիտում
23:28 04-08-2015
Համահայկական Խաղերի Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հետևում էր «Պուտին-Օբամա» մենամարտին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ