211652_close_icon
views-count7148 դիտում article-date 12:13 16-08-2015

Այսօր Ս. Աստվածածնի Վերափոխման տոնն է. եկեղեցիներում Խաղողօրհնության կարգ է կատարվում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան արարողություններից է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին` Ս. Պատարագից հետո կատարվող խաղողի օրհնությունը, որը նաեւ Ընդհանրական Ս. Եկեղեցու մաս կազմող Եկեղեցիների սրբազան արարողություններից է: Տակավին նախաքրիստոնեական շրջանում գրեթե բոլոր ժողովուրդների կրոնական ծիսակարգի մաս էր կազմում «Տօն արմտեաց եւ պտղոց»-ը, երբ տարվա առաջին պտուղը, ի նշան հնազանդության, հպատակության, երախտագիտության եւ առաջիկա տարվա բերքի առատության նվիրաբերվում էր տվյալ ժողովրդի դիցարանում պտղաբերությունը մարմնավորող աստվածությանը: Պտղոց երախայրիքն Աստծուն ընծայաբերելու կարգը սահմանված է Մովսես մարգարեի կողմից: Նշենք, որ ընծայվելիք բարիքներն էին` ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը: Այս ընծաների մեջ, իսրայելացիների համար յուրահատուկ նշանակություն ուներ խաղողը, որովհետեւ նախ նրանից է պատրաստվում «տրտմության լուծիչ եւ ուրախության պատճառ» գինին, եւ երկրորդ` խաղողը եղել է Իսրայելի ազգային եւ, միեւնույն ժամանակ, խաղաղության ու բարօրության խորհրդանիշը: Ուստի ի նշան երախտագիտության, իբրեւ Աստծո մշակներ, իրենց արդար վաստակի ու բերքի երախայրիքը պետք է նվիրաբերեին Բարերար Աստծուն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին: Այդ պայմանավորված է պատմական եւ կրոնական մի շարք հանգամանքներով. աշխարհակործան ջրհեղեղից հետո, Նոյ նահապետը` «այր հողագործ» (Ծննդ. Թ 20), Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում եւ խաղողագործությամբ զբաղվում: Որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը եւ կոչվում Պտղոց արքա: Հիսուս Փրկիչ Իրեն բազմիցս նմանեցրել է խաղողի որթին (Հովհ. ԺԵ 1): Իսկ Ս. Եկեղեցու հայրերի վկայությունների համաձայն, Աստվածամայրն այն ընտիր որթն է, ով մարդկությանը պարգեւեց անապական ու կենդանարար ողկույզը` Հիսուս Քրիստոսին: Ահավասիկ այս խորհուրդներով էր, որ Հայոց Եկեղեցում նախապատվությունը տրվեց խաղողին, որն էլ ամեն տարի, Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Ս. Պատարագից հետո օրհնվում եւ բաշխվում է հավատացյալներին: Այսպիսով, խաղողի օրհնությունը դարձավ Ս. Աստվածածնի տոնին կցված բարեպաշտական արարողություն, որը խորհրդապատկերն է տարվա առաջին բերքը Աստծուն ընծայելու: Փափագելի է, որ այսօր եւս հավատացյալները, ովքեր խաղողի որթեր կամ այգեստաններ ունեն, խաղողօրհնության ժամանակ եկեղեցուն ընծայեն իրենց բերքի երախայրիքը, որպեսզի ըստ այդմ վերանորոգվի Ս. Գրիգոր Լուսավորչի սահմանած արարողության բուն նշանակությունը, եւ աստվածային ու երկնային օրհնությունն առատապես ողողի նրանց անդաստանները: Ժողովրդի մեջ ընդհանրացած է մինչեւ խաղողօրհնեք որթատունկի բերքից չճաշակելու ավանդույթը, ուստի խրախուսելի չէ զանց առնել ժողովրդական իմաստուն սովորությունը: Եթե բոլոր պտուղներից մասնավոր օրհնության համար նախապատվությունը տրվեց խաղողին, եւ որովհետեւ այն իբրեւ բերքի երախայրիք ընծայվում է Տիրոջը, ապա պետք է պարկեշտությամբ ու ժուժկալությամբ սպասել մինչեւ խաղողօրհնեք, որից հետո միայն` Տիրոջ կողմից օրհնաված որթատունկի բերքից ճաշակել:

Նմանատիպ նյութեր