211652_close_icon
views-count1102 դիտում article-date 15:13 29-08-2015

Այսօր Սուրբ Թովմաս, Հակոբոս և Շմավոն առաքյալների հիշատակության օրն է

Ս. Թովմաս առաքյալը՝ «երկվորյակ» անվանված, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում է, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Իր թերահավատությամբ հայտնի առաքյալին հաջորդ շաբաթ իսկ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուս. Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե՛ր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 24-29): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե՛ք մենք էլ միասին գնանք վարդապետի հետ, ու եթե պետք լինի մեռնել՝ մեռնենք նրա հետ» (Հովհ. ԺԱ 16): Ըստ ավանդության, Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում: Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան» և «Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքներում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի՝ Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև «կանանացի» անունով, որ նշանակում է «նախանձահույզ»: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որ, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար՝ հռոմեական լուծն թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում: Ս. Թովմաս, Հակոբոս և Շմավոն առաքյալների տոնը Հայ Առաքելական Եկեղեցին եկեղեցական օրացույցի համաձայն տոնում է Վերափոխման 3-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: [b]Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ[/b]

Նմանատիպ նյութեր