211652_close_icon
views-count18406 դիտում article-date 09:42 02-09-2015

Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական խոսքում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք: Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան: 2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների: Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:

Նմանատիպ նյութեր