211652_close_icon
views-count1628 դիտում article-date 22:42 16-09-2015

Նախագահն ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ Նախագահը բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը հայ-չեխական բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Զդենեկ Շկրոմախին, ինչպես նաև չեխական խորհրդարանական պատվիրակության բոլոր այն անդամներին, ովքեր ս.թ. ապրիլի 24-ին Երևանում մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի այցը նոր խթան կհանդիսանա հայ և չեխ ժողովուրդների միջև հարաբերություններն ավելի ջերմացնելու, միջխորհրդարանական կապերն ավելի ակտիվացնելու համար: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում և գոհունակությամբ նշել, որ հատկապես Եվրոպայի խորհրդում չեխ պատգամավորներից շատերն արդյունավետորեն համագործակցում են Հայաստանի պատվիրակության անդամների հետ: Զդենեկ Շկրոմախը իր և չեխ պատգամավորների համար մեծ պատիվ է համարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այցելելը և ապրիլյան այդ օրերին հայ ժողովրդի կողքին լինելը: Նա համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև տարբեր մակարդակներով՝ նախագահների, խորհրդարանների, կառավարությունների, համագործակցությունը կշարունակվի և ավելի կամրապնդվի: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-չեխական առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորություններին, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր