211652_close_icon
views-count1120 դիտում article-date 15:34 22-09-2015

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին. քննարկվել են սիրիահայերի խնդիրները

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի սենատի անդամ Ժան-Իվ Լեկոնտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի պատերազմի հետևանքով Եվրոպայում հայտնված հազարավոր փախստականների տեղավորման, սոցիալական և այլ խնդիրների լուծման, ինտեգրման գործընթացին առնչվող հարցեր: Սենատորը նշեց, որ իրենք լուրջ խնդրի առջև են կանգնած, և խնդրեց սփյուռքի նախարարին ներկայացնել Հայաստանում սիրիահայերի հետկատարված և կատարվող աշխատանքները: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Սիրիայում մենք շատ հզոր, կազմակերպված, ամուր համայնք ունեինք, որը, ցավոք սրտի, 4 տարի շարունակվող պատերազմի հետևանքով այսօր գրեթե փլուզվել է. 17 հայ զոհվել է, 300-ից ավելին՝ վիրավորվել, տասնյակ մարդկանց առևանգել է Իսլամական պետությունը և համայնքի 80 տոկոսն այսօր փախստական է: Նրանցից 17 հազարն այսօր ապաստանել է Հայաստանում, իսկ տասնյակ հազարներն էլ մեկնել են Եվրոպա, ԱՄՆ, Կանադա: Բոլորին տուն, աշխատանք է պետք, պետք է լուծել նաև նրանց ուսման, առողջապահական, սոցիալական այլ խնդիրները, ինտեգրման հարցեր:Կառավարության կազմակերպած աշխատանքներին զուգահեռ՝ մեծ օգնություն և աջակցություն են ցուցաբերում հայկական բարեգործական կազմակերպությունները: Սփյուռքը մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին, որոնք ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց: Վերջին ամիսներին ավելացել է փախստականների հոսքը Իրաքից՝ հատակապես քրդական տարածքներից: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի սենատի դերը ֆրանս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ակտիվ դերակատարությունը՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայ համայնքի նման գործելակերպը օրինակ է հայկական Սփյուռքի շատ այլ համայնքների համար: Սենատոր Ժան-Իվ Լեկոնտը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին՝ հայ ֆրանսիական բարեկամական կապերը ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքի համար՝ օրինակ բերելով այս տարի հուլիսի 5-ին Ալֆորվիլում հայկական դպրոցի բացման արարողությունը, ջերմ մթնոլորտը: Սենատորը նշեց, որ ազգային պատկանելությունը չի խանգարել որդեգրելու միմյանց մշակույթի, քաղաքակրթության ձեռքբերումները, դրանց միջոցով սեփական մշակույթը զարգացնելու քաղաքականություն իրականացնելուն::

Նմանատիպ նյութեր