1423 դիտում
17:22 01-10-2015
«Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա». ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը:
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները: Նա նշել է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016-2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ: Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ:
Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը:
Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն:
Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին:
Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված:
Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնել է Վաչե Գաբրիելյանը:
Այնուհետև վարչապետը շնորհավորել է Տարեցների միջազգային օրը. «Կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուներին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում», - նշել է Հովիկ Աբրահամյանը ՝մաղթելով առողջություն, բարեկեցություն և ընտանեկան ջերմություն :
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն